Արմինֆո.Ռուսաստանի նախագահի խորհրդական, նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը նամակ է հղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին, որում խնդրել է պարզել "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում ռուսաստանցիների նկատմամբ խտրականության դեպքերի հետ կապված իրավիճակը:
Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդի հասցեին դիմումներ են ստացվում Ռուսաստանի այն քաղաքացիներից, որոնք բախվել են հայկական FlyOne ավիափոխադրողի ներկայացուցիչների և "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի աշխատակիցների կողմից իրենց իրավունքների խախտումներին:
"Ծանոթանալով բաց աղբյուրների հրապարակումներին՝ եկանք այն եզրակացության, որ նկարագրված իրավիճակները, ցավոք, եզակի դեպքեր չեն։ Խնդրում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության իշխանության իրավասու մարմիններին տեղեկացնել շարադրված տեղեկատվությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ նման միջադեպերի անթույլատրելիության վերաբերյալ մեր դիրքորոշումը", - մասնավորապես ասված է ՌԴ նախագահի խորհրդական, մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևի ՝ հուլիսի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին ուղղված նամակում:
Այդ առնչությամբ ՄԻԽ ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել օվերբուքինգի խնդրի վրա, նշելով, թե, չնայած այն հանգամանքին, որ սա, ցավոք, համաշխարհային պրակտիկա է, անհրաժեշտ է ընդունել, որ այն արատավոր է և խախտում է սպառողների իրավունքները: