Արմինֆո. Նիդերլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռյուսենը Եվրահանձնաժողովին մեղադրել է Ադրբեջանի հետ նավթագազային շահերի պատճառով Արցախի շուրջ գործընթացներն անտեսելու համար:
Բերտ-Յան Ռյուսենը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը շարունակում է Ադրբեջանն անվանել ԵՄ հուսալի առևտրային գործընկեր: "Ինչպես հայտնի է դարձել, 2024 թվականի հունիսի 5-ին Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ քաղաքականության գծով տնօրեն Քրիստինա Լոբիլո Բորերոն Բաքվի էներգետիկ համաժողովում հայտարարել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար շատ հուսալի գործընկեր է, ուստի Բրյուսելը կախված չէ ռուսական գազից։ Իսկ արդեն 2024 թվականի հունիսի 13-ին Եվրոպական դիվանագիտական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան ընդգծել է, որ Ադրբեջանը ԵՄ արժեքավոր և հուսալի գործընկեր է։ Այդ մասին նա հայտարարել է ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ անվտանգության շուրջ երկխոսության ժամանակ", - նշել է եվրապատգամավորը։
Ընդ որում, նա տեղեկացրել է, որ այդ հայտարարություններից հետո գրավոր հարցեր է ուղղել ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին։ Նիդերլանդցի քաղաքական գործիչը ԵՄ գլխավոր դիվանագետից հետաքրքրվել է, թե արդյոք ԵՄ-ը Ադրբեջանին համարում է նորմալ գործընկեր բոլոր առումներով ՝ հաշվի առնելով հարյուրավոր քաղբանտարկյալներին, տասնյակ հայ պատանդներին, Բաքվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ԵՄ-ի նկատմամբ ծաղրը, Եվրախորհրդարանի անդամների և ԵՄ դիտորդների հասցեին սպառնալիքները, Ռուսաստանի հետ սերտ կապերը, երկրի ավտորիտար բնույթը, մարդու իրավունքների վատ ցուցանիշները, 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները, ինչպես նաև Հայաստանի տարածքի օկուպացիան և Հայաստանի կառավարության հասցեին սպառնալիքները:
Նա նաև հետաքրքրվել է, թե արդյոք Բաքվի ռեժիմի հետ ԵՄ-ի հաշտեցման քաղաքականության սահմաններ կան, և որքանով հավաստի են Ադրբեջանի միջոցով ԵՄ ռուսական գազի մաքսանենգության մասին հաղորդագրությունները:
Նշենք, որ օրեր առաջ Bloomberg-ը հաղորդել էր, որ Ուկրաինան և Եվրամիությունը դիմել են Բաքվին ՝ առաջարկելով բնական գազ մատակարարել Ուկրաինայով Եվրոպա՝ տարեվերջին Ռուսաստանի հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Տարանցիկ համաձայնագրերն ընդգրկող համաձայնագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին, սակայն կան ենթադրություններ, որ մատակարարումները կդադարեն ժամանակից շուտ: Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Բրյուսելն ու Բաքուն հուշագիր են ստորագրել Ադրբեջանից Եվրոպական միություն գազի մատակարարումները տարեկան մինչև 20 մլրդ խմ ավելացնելու մասին։