Արմինֆո. Բելգրադում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Սերբիայի Արտաքին գործերի նախարարության նորանշանակ պետական քարտուղար Դամյան Յովիչի, Դիվանագիտական արարողակարգի պետ Բրանկո Ռադովանովիչի և Ռուսաստանի և Եվրասիայի վարչության տնօրեն Միլան Միլոշևիչի հետ։
Չեխիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպումների ընթացքում երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հնարավոր հեռանկարներին՝ ընդգծելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում Բելգրադում դիվանագիտական գրասենյակի բացման խորհրդանշական լինելը։
Հանդիպումների ընթացքում դեսպան Հովակիմյանը զրուցակիցներին պաշտոնապես ներկայացրել է Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի նորաստեղծ գրասենյակի ղեկավար Հայկ Խեմչյանին։