Արմինֆո. Հայաստանի հասանելիությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի հնարավորություններին ֆրանսիական վաղեմի նախաձեռնության գագաթնակետն է։ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Կատրին Կոլոննան այդպես է արձագանքել այն տեղեկությանը, որ ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին 10 մլն եվրոյի օգնություն տրամադրել եվրոպական օգնության գործիքակազմի գծով:
"Ուրախ եմ այն լավ լուրի համար, որ Հայաստանը կունենա Խաղաղության եվրոպական հիմնադրամի հասանելիություն։ Սա ֆրանսիական վաղեմի նախաձեռնության գագաթնակետն է։ Շնորհավորում եմ Ստեֆան Սեժուրնեին նախաձեռնությունը նպատակին հասնելու համար: Ֆրանսիան աջակցում է Հայաստանին", - Twitter-ի իր (X) միկրոբլոգում գրել է Կատրին Կոլոննան:
ԵՄ-ի այդ որոշմանն արձագանքել է նաև Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն: "Եվրոպական միությունն առաջին անգամ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Ես ուրախ եմ այս որոշման համար, որի համար պայքարում էի ամիսներ շարունակ", - գրել է Լուազոն իր թվիթերյան էջում։
Իր հերթին՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումները: "Վերջապես խորհուրդը իմաստուն և ռազմավարական որոշումներ կայացրեց։ Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդումը եւ աջակցում եմ բարեփոխումներին", - նշել է Լեքսմանը։
ԵՄ Խորհրդի այս որոշումը ողջունել են նաև Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Չեխիայի և այլ երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններում:
Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հուլիսի 22-ին ընդունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով Հայաստանի Զինված ուժերին աջակցության առաջին 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը: Օգնության այս միջոցառման նպատակն է բարձրացնել ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը, ինչպես նաև նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը: Այն նաև ուղղված է Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և նրա զինված ուժերի օպերատիվ համատեղելիության խթանմանը ՝ միջազգային, այդ թվում ՝ ԵՄ-ի կողմից ծավալված ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր ապագա մասնակցության դեպքում: Կոնկրետ՝ օգնության ընդունված միջոցը թույլ կտա գումարտակային ստորաբաժանման համար ապահովել վրանային ավանի լիարժեք տեղակայումը ։ Եվրահանձնաժողովում նշել են, որ ընդունված աջակցությունը կտրամադրվի Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա եւ ուղղված է Հայաստանում եւ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանմանը:
Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի մարտին ՝ ֆինանսավորելու ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում գործողությունները, որոնք ուղղված են հակամարտությունների կանխարգելմանը, խաղաղության պահպանմանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամը թույլ է տալիս ԵՄ-ին ֆինանսավորել երրորդ պետությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կարողությունների հզորացմանն ուղղված գործողությունները ՝ կապված ռազմական և պաշտպանական հարցերի հետ: ԵՄ Խորհուրդը նաև "կանաչ լույս" է տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար: