Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ միասին դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։
Ինչպես ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում, հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է՝ միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ։ Զորավարժությունը կշարունակվի մինչև հուլիսի 24-ը։
Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվում է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որում ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը: