Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ճանապարհին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու եւ նրան Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով օգնություն տրամադրելու ԵՄ որոշումը մեկնաբանելու խնդրանքին:
"Մենք վճռական ենք աջակցելու այս գործընթացին։ Ինչպես ասացինք, եկել է խաղաղության ժամանակը, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ", - հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Ընդ որում, Միլլերը նշել է, որ ԵՄ որոշման մասով ասելիք չունի։
Նշենք, որ հուլիսի 22-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով 10 մլն եվրոյի օգնություն տրամադրելուն և "կանաչ լույս" է տվել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար: