Արմինֆո. Անվտանգությունը դառնում է ԵՄ-ի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների ավելի ու ավելի կարևոր տարր։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից Հայաստանին 10 մլն եվրոյի օգնության տրամադրմանը հավանության առնչությամբ։
"Խաղաղության եվրոպական հիմնադրամի այս միջոցառումն էլ ավելի կմեծացնի երկրի կայունությունը ։ Մենք փոխադարձ հետաքրքրություն ունենք արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ մեր երկխոսության հետագա ընդլայնման, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներքո իրականացվող առաքելություններին և գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության նկատմամբ", - շեշտել է Բորելը:
Եվրահանձնաժողովի կայքում զետեղված հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ խորհուրդն ընդունել է Հայաստանի Զինված ուժերի ն աջակցության համար 10 միլիոն եվրոյի առաջին օգնությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով: "Առաջին անգամ ԵՄ-ը որոշում կայացրեց աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից ։ Օգնության այս միջոցառման նպատակն է բարձրացնել ՀՀ Զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը, ինչպես նաև նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը: Այն նաև ուղղված է Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և նրա զինված ուժերի օպերատիվ համատեղելիության խթանմանը ՝ միջազգային, այդ թվում ՝ ԵՄ-ի կողմից ծավալված ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր ապագա մասնակցության դեպքում: Կոնկրետ ՝ ձեռնարկված օգնության միջոցը թույլ կտա ապահովել գումարտակային ստորաբաժանման համար վրանային ավանի լիարժեք ծավալումը", - ասված է հայտարարության մեջ։
Եվրահանձնաժողովում նաեւ նշել են, որ այսօր ընդունված աջակցությունը կտրամադրվի Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա եւ ուղղված է Հայաստանում եւ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանմանը:
"ԵՄ-ը հանձնառու է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը ՝ դրանց բոլոր հարթություններում: Դա ներառում է երկխոսության եւ համագործակցության ակտիվացում արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության ոլորտում, ներառյալ նաեւ անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը", - ամփոփել են Եվրահանձնաժողովում։
Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի մարտին՝ ֆինանսավորելու ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում գործողությունները, որոնք ուղղված են հակամարտությունների կանխարգելմանը, խաղաղության պահպանմանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամը թույլ է տալիս ԵՄ-ին ֆինանսավորել երրորդ պետությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կարողությունների հզորացմանն ուղղված գործողությունները ՝ կապված ռազմական և պաշտպանական հարցերի հետ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն ողջունել է ԵՄ խորհրդի այս որոշումը ։