
Հայաստանին հատկացված 200 մլն դոլար արտոնյալ վարկի շրջանակում Ռուսաստանը Հայաստան կառաքի «Իսկանդեր Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համալիրներ, որոնք համարվում են ռուսական հրթիռաշինության լավագույն մշակումներից և ունեն բավականին բարձր տեխնիկական բնութագրեր, հաղորդում է «Ժամանակ» թերթը` վկայակոչելով ՀՀԿ մոտ կանգնած աղբյուր:
Ավելի վաղ ԱրմԻնֆոն, վկայակոչելով «Թուրան» գործակալությունը, հաղորդել էր, որ արտոնյալ վարկի շրջանակում Հայաստան կառաքվեն սպառազինություններ, որոնք ի զորու են արդյունավետորեն լուծել ռազմավարական հարցեր. հակաօդային պաշտպանության ապահովում ռազմական գործողությունների գոտում, տարբեր մակարդակի մարտավարական հարվածային խմբավորումների համալրում, հատուկ շարժունակ ստորաբաժանումների ստեղծում: «Այդ տեխնիկական խնդիրների լուծման և ապահովման համար նախատեսվում է Հայաստան մատակարարել «Պանցիր-Էս» զենիթային հրթիռաթնդանոթային համալիր, «Տիգր», «ԲՏՌ-80» զրահամեքենաներ, կապի միջոցներ, հակատանկային հրթիռային համալիրներ, դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և այլն», - հաղորդել են «Թուրանի» աղբյուրները: Եղած տեղեկությունների համաձայն, այդ սպառազինությունների մի մասն արդեն առաքվել է: Ի պատասխան ԱրմԻնֆո-ի խնդրանքին` ՀՀ պաշտպանության նախարարությունում ոչ հաստատել և ոչ էլ հերքել են այս և այլ ռուսական սպառազինությունների Հայաստան մատակարարման վերաբերյալ տեղեկատվությունը` հորդորելով սպասել գործընթացի սկսվելուն:
Մինչդեռ ՀՀԿ-ում ԱրմԻնֆո-ի բարձրաստիճան աղբյուրները հաղորդել են, թե Ռուսաստանի արտոնյալ վարկի մի մասը կուղղորդվի ոչ ըստ նշանակության, այսինքն` ոչ թե սպառազինության ձեռք բերմանը, այլ էներգրասակագների բարձրացման սուբսիդավորմանը:
Նշենք, որ հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի արտոնյալ վարկ կտրամադի արդիական սպառազինություն ձեռք բերելու համար: Այդ մասին համաձայնություն էր ձեռք բերվել ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում: «Համաձայնագիրը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի ԶՈՒ զինանոցի արդիական սպառազինությունների տեսականին», - ասվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում: Նախատեսվում է, որ Հայաստանի խորհրդարանը հունիսի 2-ին կվավերացնի այդ համաձայնագիրը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը բազմիցս մտահոգություն էր հայտնել Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի առնչությամբ: Մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե հարցը ոչ այնքան զենքի վաճառքն է, որքան այն հանգամանքը, որ սահմանին կանգնած հայ զինվորը գիտակցում է, որ իր ուղղությամբ կրակում են ռուսական զենքից: Ի պատասխան` ռուսական կողմը հայտարարել էր, թե զենքի վաճառքի հարցում Մոսկվան կպահպանի կողմերի միջև հավասարությունը: