Արմինֆո.Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Կիպրոսին ՝ նրա հյուսիսային տարածքների օկուպացիայի 50-ամյակի կապակցությամբ։ Հունաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "Այս տարի լրանում է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։ Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին":
Նշենք, որ 1974 թվականի հուլիսին, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի հիմնական դրույթները, Թուրքիան ներխուժեց Կիպրոս և օկուպացրեց կղզու մոտ 40% - ը։ Թուրքիան ավելի քան 142 հազար կիպրոսցի հույների արտաքսեց իրենց բնակության վայրերից։ Եվս 20 հազար կիպրոսցի հույներ, որոնք մնացել են օկուպացված գոտում, ժամանակի ընթացքում նույնպես ստիպված են եղել լքել իրենց տները և ապաստան փնտրել Կիպրոսի կառավարության կողմից վերահսկվող անվտանգ տարածքում: Թուրքական օկուպացիան տնտեսական անկում է առաջացրել կղզու այն հատվածում, որը մինչև 1974 թվականը ամենահարուստն ու զարգացածն էր։ Գրավյալ գոտում որպես արժույթ Թուրքիան մտցրեց ինֆլյացիայի ենթակա թուրքական լիրան և թուրք-կիպրական տնտեսությունը վերահսկելու համար կղզի տեղափոխեց իր կառավարիչներին։ Կղզու գրավյալ տարածքներում գտնվում են ավելի քան 43 հազար թուրք զինծառայողներ՝իրենց ծանր սպառազինությամբ։
1983թ. նոյեմբերին Թուրքիան նախաձեռնեց և աջակցեց թուրք-կիպրական առաջնորդների կողմից օկուպացված գոտու անկախության միակողմանի հռչակմանը: Այսպես կոչված՝ "Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը" չի ճանաչվել ոչ մի պետության կողմից, բացառությամբ Թուրքիայի, որն իրականացնում է այդ "հանրապետության" վիրտուալ կառավարումը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 (1983) և 550 (1984) բանաձևերը դատապարտել են այդ միակողմանի ակցիան, այն հռչակել ուժ չունեցող և կոչ են արել ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին չճանաչել այդ անօրինական կազմավորումը: ԵՄ-ը և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններ նույն դիրքորոշումն են որդեգրել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1975թ. մարտի 12-ի թիվ 367 բանաձևի ընդունման արդյունքում վերսկսվել է գլխավոր քարտուղարի "բարի ծառայությունների առաքելությունը": Այդ ժամանակից ի վեր բանակցությունները ընդհատումներով ընթացել են ՄԱԿ-ի հովանու ներքո։ Սակայն մինչ այժմ ՄԱԿ-ի միջնորդությունը ոչ մի տեսանելի արդյունք չի տվել։