Արմինֆո. Եվրոպան, ընդհանուր առմամբ, կուղեկցի Հայաստանին և Ադրբեջանին միմյանց հետ խաղաղություն հաստատելու ճանապարհին։ Ինչպես ասվում է դաշնային կառավարության կայքում, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Շոլցը՝ Լոնդոնում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Շոլցի խոսքով՝ իր համար կարևոր էր Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ զրույցը: "Այս տարին չափազանց կարևոր է այդ տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի, եթե կողմերը շարունակեն գործուն և համարձակ քայլեր ձեռնարկել միմյանց ընդառաջ։ Ես առիթն օգտագործեցի կողմերին հորդորելու անել դա։ Եվրոպան, ընդհանուր առմամբ, կուղեկցի Հայաստանին եւ Ադրբեջանին միմյանց հետ խաղաղության հաստատման ճանապարհին, որը երկար կտեւի եւ երկարաժամկետ լավ համագործակցություն կապահովի այդ երկու երկրների միջեւ, որոնք հարեւաններ են", - ընդգծել է Շոլցը։
Անդրադառնալով լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ Փաշինյանի և Ալիևի հետ այսօրվա հանդիպումների անվանական արդյունքները նրան լավատեսություն են ներշնչում Երևանի և Բաքվի միջև մոտալուտ խաղաղության հասնելու հնարավորության առումով, Գերմանիայի կանցլերը նշել է, որ երկու երկրներն ինտենսիվ բանակցություններ են վարում միմյանց հետ։ Նրա խոսքով՝ դրանք բավականին կառուցողական են, շատ պայմանավորվածություններ արդեն տեսանելի են դարձել, այդ թվում ՝ սահմանային որոշ հարցերի, բնակավայրերի վերադարձի և բանտարկյալների վերաբերյալ։
"Ինչ-որ բան, իսկապես, տեղի է ունեցել, և բոլորը, ում հետ ես խոսել եմ այստեղ, կարծում են, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ճանապարհին առկա խնդիրների ավելի քան 90 տոկոսը լուծված է: Բանակցություններից գիտեմ, որ վերջին տոկոսը երբեմն կարող է շատ դժվար լինել, բայց ասում եմ. ես դրան շատ ավելի հուսադրող եմ նայում, քան, օրինակ, անցյալ տարի։ Մենք միշտ աջակցել ենք դրան և պատրաստ ենք շարունակել դա անել, և երկու կողմերն էլ մեզ ընկալում են որպես լավ զրուցակից", - ամփոփել է Շոլցը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրաականացրած և առաջիկայում նախատեսվող երկարաժամկետ ծրագրերի, այդ թվում՝ բնակապահովման ծրագրի վերաբերյալ: Բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու գործում կողմերը կարևորել են նաև միջազգային հանրության շարունակական աջակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը: