Արմինֆո."3+3" տարածաշրջանային հարթակի շրջանակում արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում՝ մոտ ժամանակներս։ Այդ մասին իրանական SNN գործակալությանը հաղորդել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա հիշեցրել է, որ հարթակի առաջին հանդիպումը հենց մասնակից ԱԳ նախարարների մակարդակով տեղի է ունեցել Թեհրանում։ Այս առումով դիվանագետը հավելել է, որ այդ առաջին հանդիպման անցկացումը հենց Թեհրանում 13-րդ կառավարության ձեռքբերումներից մեկն էր: Սոբհանին հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին, նկատելով, որ այն միանգամայն պարզ է: "Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը։ Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը համապատասխանում են Իրանի շահերին, և մենք պատրաստ ենք աջակցել դրան ", - նշել Է իրանցի դիվանագետը՝ ընդգծելով նաև Հայաստանի Սյունիքի մարզի կարևորությունն իրանական կողմի համար: "Հայաստանի հարավը, որպես ռազմավարական տարածաշրջան, կարեւոր դեր է խաղում Իրանի եւ Հայաստանի միջեւ անվտանգության եւ առեւտրի ապահովման գործում։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նպաստեց սահմանային հաղորդակցության բարելավմանը", - եզրափակել է նա։
Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացել է "3+3" տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը ՝ հինգ երկրների ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մակարդակով ։ Վրաստանը չի մասնակցել հարթակի աշխատանքներին։ Կողմերը պայմանավորվել են այս հարթակի շրջանակում հաջորդ հանդիպումն անցկացնել 2024 թվականի առաջին կիսամյակում՝ Թուրքիայում ։ Մինչ այդ հարթակը հավաքվել էր մեկ անգամ ՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ՝ ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ ։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել են, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց, սակայն նրանց համար դռները միշտ բաց են: