Արմինֆո.Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում նախօրեին մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրաականացրած և առաջիկայում նախատեսվող երկարաժամկետ ծրագրերի, այդ թվում՝ բնակապահովման ծրագրի վերաբերյալ: Բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու գործում կողմերը կարևորել են նաև միջազգային հանրության շարունակական աջակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ:
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Չեխիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետը չեխական կողմին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացման շուրջ: