Արմինֆո.Ադրբեջանի ԱԳՆ-ում իրենց բնորոշ ոչ համարժեք ձևով եբ արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն խոսքերին, թե հենց ադրբեջանական կողմն է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ պատերազմ սանձազերծել:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, թե "Մակրոնի տեսակետները, որոնք շարադրված են եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում եւ արդարացնում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությունը, բացահայտ կանխակալ դիրքորոշում են ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու եւ խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի փորձերի եւս մեկ վառ օրինակ են": Հաջիզադեն այնուհետև հայտարարել է, թե ագրեսիան եւ Արցախի ու Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացումը, պարզվում է, Ադրբեջանի լեգիտիմ իրավունքն է՝ միջազգային իրավունքի շրջանակում: Ամենայն հավանականությամբ՝ այդ իրավունքի ադրբեջանական մեկնաբանությամբ։
"Ադրբեջանի ցանկացած ջանք, այդ թվում ՝ նրա ռազմական ներուժի ոհզորացումն ուղղված է արդար նպատակի իրագործմանը։ Սակայն նույնը չի կարելի ասել Հայաստանի վերաբերյալ, որը օկուպացիոն պետություն է", - ցինիկաբար հայտարարել է Հաջիզադեն, որը, հավանաբար, մոռացել է, որ հենց Ադրբեջանն է զբաղված հայկական տարածքների զավթմամբ եւ պատմական փաստերի կեղծմամբ՝ ուրիշի ժառանգությունը յուրացնելու նպատակով։
Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ում հավելել են, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը ցույց է տալիս, թե "որքան անարդար է այդ երկրի քաղաքականությունը՝ ինչպես միջնորդության շրջանում, այնպես էլ 44-օրյա պատերազմից հետո":
"Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի ջանքերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը և խախտում են տարածաշրջանում կայունացումը, ոչ մի արդյունք չեն տա", - եզրափակել է Հաջիզադեն:
Նշենք, որ Մակրոնը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանը Հայաստանից մի քանի անգամ ավելի է զինվել։ Նրա խոսքով, ավելին, հենց Ադրբեջանն էր նախաձեռնել 2020 թվականի սարսափելի պատերազմը։ Մակրոնը նաև ընդգծել է պատերազմի սպառնալիքի պայմաններում սեփական անվտանգությունն ապահովելու համար Հայաստանի զինվելու իրավունքը: