Արմինֆո. Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել , հավանաբար կան զոհեր։
ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
«Ըստ նախնական տվյալների՝ կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։ Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը», - ասվում է հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ վթարի է ենթարկվել ոչ թե ԱՆ-2, այլ Յակ-52 ուսումնական ինքնաթիռ, որը պատրաստում է Ս. Խանփերյանցի (Խուդյակովի) անվան ռազմական ակադեմիայի սաներին: