Արմինֆո.Լոնդոնից իրարամերժ հայտարարություններ ենք լսում: Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանին, որ հրաժարվել է Ալիև-Փաշինյան հանդիպումից, հայկական կողմը հանդիպումից հրաժերվելու մեջ մեղադրում է Ադրբեջանին. ըստ տրամաբանության, կողմերից մեկը ստում է: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Իմ կարծիքով երկու կողմ էլ ճիշտ են ասում: Մենք, բնականաբար, չենք տիրապետում մանրամասներին, սակայն փորձենք հասկանալ տրամաբանությունը: Հանդիպման նախաձեռնությունը Բրիտանական կողմինն է եղել և, բնականաբար, պետք է բրիտանական օրակարգով այն կայանար: Բրիտանիան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիարդների ներդրումներ ունի Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում, հիմնականում հանքարդյունաբերական ոլորտում, և պետք է շահագրգռված լինի Միջին Միջանցքի հարցով, այսինքն Հայաստանը հրաժարվի սուվերեն վերահսկողությունից Սյունիքի ռեգիոնում, ինչը նաև Ադրբեջանի պահանջն է: Կարելի է ենթադրել, որ Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է այդ օրակարգից և առաջարկել է հանդիպել այլ օրակարգով, Ադրբեջանը հրաժարվել է օրակարգը փոխել և ցանկացել է հանդիպել բրիտանական օրակարգով: Ադրյունքում միմյանց մեղադրում են հանդիպումից հրաժարվելու մեջ: Ըստ երևույթին, խնդիրը հանդիպման օրակարգն է եղել», - գրել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե Միացյալ Թագավորությունը, որպես "Եվրոպական քաղաքական համայնքի" գագաթաժողովն ընդունող երկիր, հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում անցկացնելու առաջարկով, սակայն Հայաստանի վարչապետն, իբր, մերժել է այդ առաջարկը: "Բայց հայկական կողմը հրաժարվեց հանդիպումից։ Նախատեսվում էր Մեծ Բրիտանիայի վարչապետի մասնակցությունը հանդիպման սկզբում, այնուհետև այն կշարունակվեր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափով: Մենք այդ հանդիպումից Հայաստանի հրաժարվելը գնահատում ենք որպես երկխոսությունից եւ խաղաղ օրակարգն առաջ մղելուց հետ կանգնելու նրա մտադրության դրսեւորում", - հավաստիացրել էր Հաջիեւը։
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, իր հերթին, արձագանքելով Հաջիեւի հայտարարությանը, մասնավորապես, հայտարարել է. «Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։