Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, նախ տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետին և մյուս երկրների առաջնորդներին դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, սըր Քիր Սթարմերը: Այնուհետև տեղի է ունեցել միջոցառման բացման և մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը: Միջոցառման շրջանակում վարչապետը շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ այլ երկրների գործընկերների հետ:
Նշենք, որ գագաթնաժողովի թեմաներն են լինելու Ուկրաինային աջակցությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները, կիբեռանվտանգությունը, մարդկանց թրաֆիքինգի եւ ապատեղեկատվության դեմ պայքարը, միգրացիայի խնդիրները: Փորձագետները նշում են, որ ՄԹ նորընտիր վարչապետ Քիր Սթարմերի համար գագաթնաժողովը կդառնա այլ առաջնորդների հետ հանդիպելու և արտաքին քաղաքական հարցերում ՄԹ դիրքորոշման մասին հստակ ազդակ տալու վաղ հնարավորություն: Չնայած այն հանգամանքին, որ Սթարմերը ՄԹ կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Սունակին, նա կպահպանի Սունակի կողմից սահմանված գագաթնաժողովի օրակարգը: