Արմինֆո.Պաշտոնական Երևանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում Միացյալ Թագավորության միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, արձագանքելով Բաքվի համապատասխան պնդումներին, մասնավորապես, հայտարարել է. «Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:
Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե Միացյալ Թագավորությունը, որպես "Եվրոպական քաղաքական համայնքի" գագաթաժողովն ընդունող երկիր, հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում անցկացնելու առաջարկով, սակայն Հայաստանի վարչապետն, իբր, մերժել է այդ առաջարկը: "Բայց հայկական կողմը հրաժարվեց հանդիպումից։ Նախատեսվում էր Մեծ Բրիտանիայի վարչապետի մասնակցությունը հանդիպման սկզբում, այնուհետև այն կշարունակվեր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափով: Մենք այդ հանդիպումից Հայաստանի հրաժարվելը գնահատում ենք որպես երկխոսությունից եւ խաղաղ օրակարգն առաջ մղելուց հետ կանգնելու նրա մտադրության դրսեւորում", - հավաստիացրել էր Հաջիեւը։