Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է սպառազինության մեծածավալ գնումները, սակայն ի տարբերություն նախորդ շրջափուլերի, դրանց մեծ մասի դեպքում կոնկրետ տեխնիկայի, մոդելի, քանակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվում: Այդ մասին հաղորդում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Միայն տեսանելի է, որ հիմնական առևտրաշրջանառությունը Իսրայելի հետ է և որոշակի կարճ պարբերականությամբ այնտեղից մատակարարումներ են արձանագրվում:
Իհարկե, հաճախ մամուլում է հայտնվում նաև այլ երկրների հետ գործարքների մասին տեղեկություններ` Ադրբեջանի ավանդական գործընկերներ Թուրքիայից, Պակիստանից մինչև եվրոպական երկրներ:
Համենայդեպս, Ադրբեջանը կանգ չի առնում և իր կեղծ խաղաղասիրական հավաստիացումներին զուգահեռ ակտիվ զինվում է», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ 2024 թվականի Ադրբեջանի պետբյուջեի նախագծում կատարված փոփոխությունների համաձայն, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 11 տոկոսով կամ 705,3 մլն մանաթով (գրեթե 415 մլն դոլարով)։ Ընդհանուր առմամբ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2024 թվականի պետական բյուջեով պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը նախատեսված են 6 մլրդ 421 մլն 47 420 մանաթի չափով, ինչը մոտ 367 մլն մանաթով ավելի է, քան մեկ տարի առաջ ։ Այդ գումարից պաշտպանության համար հատկացվում է 2 մլրդ 465 մլն 552 086 մանաթ, ազգային անվտանգության համար ՝ 413 մլն 410 402 մանաթ, սահմանապահ ծառայության համար ՝ 487 մլն 698 516 մանաթ, պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտում կիրառական հետազոտությունների համար ՝ 5 մլն 132 430 մանաթ: Պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի այլ միջոցառումների համար կհատկացվի 3 մլրդ 49 մլն 253 986 մանաթ, պաշտպանական հատուկ նախագծերի և միջոցառումների համար ՝ 3 մլրդ մանաթ: