Արմինֆո. ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան՝ ի պատասխան ճշտման, թե արդյոք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար։
Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը հարգում է այդ որոշումը։ «Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ և վերջին դիտարկումս. չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը», - հայտարարել է Զեան։
Անդրադառնաալով այս օրերին Հայաստանում ընթացող «Արծիվ գործընկեր» զորավարժությանն առնչվող հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ընդգծել է, որ այն նախապես պլանավորված զորավարժություն է՝ միտված կանոնավոր ուսուցումների իրականացմանը, պատրաստականության և փոխգործելիության մեծացմանը և խաղաղապահ գործողություններին։ «Այս ջանքերն առաջնորդում է ամերիկյան կողմը՝ մեր պաշտպանության դեպարտամենտի միջոցով։ Լինելով պետքարտուղարության ներկայացուցիչ՝ մանրամասնությունների ներկայացումը ես կցանկանայի վերապահել պաշտպանության դեպարտամենտի իմ գործընկերներին։ Սակայն, ես ուզում եմ նշել, որ պաշտպանական և քաղաքացիական անվտանգության ասպարեզներում տեսնում ենք մեր երկարամյա դրական համագործակցության խորացում։ Նշեմ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը», - Հավելել է Զեան՝ "Հետք"-ի հետ հարցազրույցում:
Նա նաեւ հաստատել է այն տեղեկությունը, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կաշխատի ԱՄՆ բանակի ներկայացուցիչ: «Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը», - կարծում է Ամերիկացի դիվանագետը։
Անդրադառնալով Հայաստան իր քառօրյա այցի նպատակներին՝ Զեան նշել է, որ Երևան է ժամանել՝ աջակցություն հայտնելու ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Հայաստանի վերաբերյալ մեր երկու պետությունների ընդհանուր տեսլականին, որի ներքո Հայաստանը կարող է կերտել իր ուղին, իր կապերը տարածաշրջանում և աշխարհում։
«Վերջին 4 օրերի ընթացքում գերազանց ու բազմաբնույթ քննարկումներ տեղի ունեցան վարչապետի, փոխվարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ։ Ես ընդգծեցի երեք հիմնական ուղերձ։
Առաջինն այն է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը, մենք սատարում ենք խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալ հայ ժողովրդի տեսլականին։ Ես տեղեկացա թափանցիկության, հաշվետվողականության և մարդու իրավունքների համընդհանուր ապահովման ուղղությամբ քաղաքացիական հասարակության ծավալուն ներգրավվածության մասին։ Մենք ողջունում ենք այն նշանակալի առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է և շարունակում է գրանցել ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, անկախ դատական համակարգի ձևավորման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ասպարեզում։ Սակայն ընդունում ենք նաև, որ դեռ անելիքներ կան։
Երկրորդ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը և արժանապատիվ ու տևական խաղաղության հաստատմանը, որին վաղուց ի վեր ձգտում է Հայաստանի ժողովուրդը։ Մասնավորապես, ցանկանում եմ գովեստով արտահայտվել վարչապետ Փաշինյանի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով խաղաղության գործընթացն առաջ տանելու ու տարածաշրջանային կապուղիների ձևավորման նրա ջանքերի վերաբերյալ, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի հսկայածավալ սոցիալ-տնտեսական ներուժը։ Այս նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվում է ուսումնասիրություն տրանսպորտային ուղիների ինտեգրման վերաբերյալ՝ խրախուսելու և ամրապնդելու տարածաշրջանային առևտուրն ու կապուղիները՝ արդարացի և տևական խաղաղության միջոցով։
Եվ վերջինը՝ Հայաստանը հսկայական ջանքեր է գործադրել Հայաստանում ընդունելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին, որոնք, անցնելով զրկանքների ու ծայրահեղ դժվարությունների միջով, այժմ հանգրվան են գտել Հայաստանում։ Այդ ջանքերն արժանի են գովեստի և այդ հարցում Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանին։ Անցյալ տարվա սեպտեմբերից ԱՄՆ պետքարտուղարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն 11,5 միլիոն ԱՄՆ դոլար են տրամադրել՝ մեղմելու հանրային ծառությունների ու ենթակառուցվածքների բեռը և արձագանքելու անհետաձգելի կարիքներին, ինչպիսիք են կացարանի, զբաղվածության, կրթության ապահովումը», - ամփոփել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։