Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումներն իրականացնող փորձագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 1795-Ն որոշման 1-ին կետում «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերով:
Կառավարության հաղորդագրության համաձայն, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը հետևյալն է՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումներն իրականացնող փորձագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 1795 որոշմամբ այդ իրավասությունը վերապահել է «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու և «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1979-Ա որոշման համաձայն ՀՀ ԱՆ 2024 թվականի N 1224-Ա հրամանով հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը և 2024 թվականի մարտի 13-ին ՊՈԱԿ-ը գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, անհրաժեշտություն է առաջացել նաև կատարել փոփոխություն ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1795 որոշման մեջ: Որոշման նպատակը ՀՀ կառավարության որոշման մեջ գործող կազմակերպության ամրագրումն է:
Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե այս որոշման ընդունումից հետո ի՞նչ ընթացակարգով է իրականացվելու գրանցումը և մասնավորապես՝ վճարումների շահառուները ովքե՞ր են լինելու:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշել է. «Դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում Առողջապահության նախարարությունն օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս հիմք է ընդունել նշված կենտրոնի տրամադրած փորձաքննության եզրակացություններն ու մասնագիտական դիտարկումների հաշվետվությունները: Սակայն՝ քանի որ լիազորող նորմ չունեինք դեղերի մասին օրենքում փոփոխություն իրականացվեց այդ լիազորող նորմը սահմանելու համար, ինչպես նաև նախկինում գանձվող փորձաքննության վճարների փոխարեն սահմանվեց պետական տուրք և դրա հիմքով էլ արդեն կառավարության որոշմամբ ստեղծվեց ՊՈԱԿ-ը և ներկա պահին արդեն փորձաքննությունների համար գանձվում է պետական տուրք, ինչը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված ծառայությունների կամ գործողությունների համար սահմանված պարտադիր վճար է»: