Արմինֆո. ՌԴ-ի օրակարգում չկա "Զանգեզուրի միջանցքի" սստեղծում, ինչը ևս փորձում են վերագրել Մոսկվային։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանը նշել է, որ Սյունիքում ռուս դիվանագետների աշխատանքը կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, այդ թվում նաև ԵԱՏՄ ձևաչափում: «Սյունիքի մարզը «դարպաս» է Իրանի հետ Հայաստանի և միության առևտրի համար: Այստեղով է անցնում հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հատվածը։ Ինչպես հայտնի է, ռուսական կողմն աջակցում է այդ մայրուղու կառուցմանը։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գծով ֆինանսական աջակցության ծավալը կազմում է 150 մլն դոլար: Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային համակարգի զարգացման գործում իր ներգրավվածության մասին հայտարարել է նաև Եվրասիական զարգացման բանկը: Տարածաշրջանում գործում են ռուսական ընկերություններ և տեղական մասնակցությամբ կառույցներ», - նշել է դեսպանը։
Կոպիրկինը հավելել է, որ նման զգայուն տարածաշրջանում դիվանագիտական ներկայության ընդլայնումը, ի թիվս այլ բաների, նպատակ ունի նվազեցնել Հարավային Կովկասի կոնֆլիկտային ներուժը, որը պահպանվում և մշտապես սնվում է արտաքին խաղացողների կողմից: «Այս գործում մենք ունենք համախոհներ․ 2022 թ-ից այստեղ գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որի հետ աշխատանքային կապեր են հաստատվել, այդ թվում՝ Մոսկվա-Երևան-Թեհրան եռանկյունում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայ-իրանական սահմանները հսկող ՌԴ սահմանապահների հետ միասին լրացուցիչ ներդրում կունենա հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման գործում», - ընդգծել է նա:
Ռուսաստանի դեսպանը կարծում է, որ լրացուցիչ խթան կհաղորդվի երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանը և մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանը: «Տարածաշրջանում ապրում է մինչև 1000 ՌԴ քաղաքացի։ Գործում են ռուսաց լեզվի ուսումնասիրման մի շարք կենտրոններ։ Կապանում գործում է Ռուսական գրքի տուն։ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Երևանում կազմակերպել էր ռուսաց լեզվի դասընթացներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի դասախոսների համար: Ռուսաստանի մի շարք վարչական շրջանների կողմից ակտիվորեն մշակվում է Սյունիքի մարզի համայնքների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման նախաձեռնությունների շարք։ 2023 թ-ի հունիսի 16-ին Կապանում ստորագրվել են մտադրությունների մասին համապատասխան արձանագրություններ Ուրայ և Մեղրի, Սեստրորեցկ և Գորիս քաղաքների միջև։ Ընդհանուր առմամբ, ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքները բավականին շատ են», - հիշեցրել է Կոպիրկինը՝ Sputnik-Արմենիայի մեկնաբանության մեջ։
Կոպիրկինը պատմել է նաեւ, թե ինչ չեն անի ռուս դիվանագետները: «Ի դեպ, ինչ էլ որ ասեն չարակամները, ռուս դիվանագետները հաստատ չեն պատրաստվում «լրտեսել» Սյունիքում՝ ի տարբերություն տարածաշրջանում հեռադիտակներով շրջելու արևմտյան սիրահարների։ Օրակարգում չկա նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչը նույնպես փորձում են վերագրել Մոսկվային։ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով, ինչպես հայտնի է, զբաղվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը։ - ամփոփել է Ռուսաստանի դեսպանը:
Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային հաղորդակցություն կապահովեր Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանական 44-օրյա ագրեսիային վերջ դրած պայմանավորվածություններով։ Ադրբեջանը փորձում է ձեռք բերել ոչ թե տարանցիկ ճանապարհ, այլ՝ արտատարածքային միջանցք, որն անվանում է Զանգեզուրի։