Արմինֆո.Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։ Նման կանխատեսմամբ հանդես է եկել "Իրազեկ քաղաքացիների միավորում" հասարակական կազմակերպության ղեկավար, Սահմանադրական բարեփոխման խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։
«Սահմանադրության նախաբանին և/կամ անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։ Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)», - սոցցանցի իր էջում գրել է ՀԿ ղեկավարը։
Ինչպես նշել է Իոաննիսյանը, առաջիկա նիստում քննարկվելու է կայուն մեծամասնություն երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր գործող սահմանադրության մի շարք թերությունների մասին, որոնք ի հայտ էին եկել, հատկապես, ճգնաժամային կառավարման ժամանակ։ Նա նաև հայտարարել էր, որ անհրաժեշտ է քննարկել սահմանադրության փոփոխությունները, այդ թվում՝ կիսանախագահական կառավարման համակարգին անցնելու հնարավորությունը: 2022 թվականի հունվարի 27-ին ստեղծվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ։ Նույն թվականի նոյեմբերին խորհուրդը կողմ էր արտահայտվել Հայաստանում կառավարման խորհրդարանական ձևի պահպանմանը։
2024 թվականի հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում։ Իսկ փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր, թե Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո: ՀՀ վարչապետի ընդդիմախոսները հայտարարել էին, որ նախաձեռնությունը բխում է Բաքվից, հիմնականում, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումները, որտեղ հիշատակվում է Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը: Խնդրահարույց է համարվում նաև Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Ս. թ. հուլիսի սկզբին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կառավարող մեծամասնությունը հակված է հրաժարվել խորհրդարանական ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն ձևավորելու օրենսդրական հրամայականից: