Արմինֆո. Երևանի դատարանն ազատ է արձակել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Այդ մասին հաղորդել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Դավիթ Սարգսյանն այլևս ազատության մեջ է։ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը։
Լրացում. Փաստորեն 1 ամիս և 20 օր Դավիթ Սարգսյանն ապօրինի զրկված
էր ազատությունից, որից 20 օրը՝ բանտային, իսկ 1 ամիսը՝ տնային կալանքի տակ», - գրել է փաստաբանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ Սարգսյանը 20 օրով կալանավորվել էր մայիսի 27-ին ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով ՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու գործով: Այնուհետև, հունիսի 13-ին կայացած դատական նիստում դատավոր Մասիս Մելքոնյանը ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը ՝ երկու ամիս ժամկետով: Պաշտպանությունը Ստեփանակերտի քաղաքապետի դեմ գործը քաղաքականացված է համարում։