Արմինֆո.Հայ-Ռուսական համալսարանը եւ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ստորագրել են հուշագիր կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման մասին:
Ինչպես հաղորդել են ՀՌՀ մամուլի ծառայությունից, փաստաթուղթն ուղղված է երկու ուսումնական հաստատությունների միջև գործընկերության ամրապնդմանը: Համագործակցության առանցքային ուղղություններն են լինելու որակյալ կադրերի պատրաստումը, ակադեմիական և ուսանողական փոխանակումների հնարավորությունը, համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի մշակումն ու իրականացումը, համատեղ հետազոտությունների և հրապարակումների իրականացումը, սոցիալ-մշակութային կապերի ամրապնդումը և այլն: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև համատեղ գիտաժողովների, սեմինարների, սիմպոզիումների, կլոր սեղանների, վարպետության դասերի, դասախոսությունների կազմակերպում և կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում այլ նախաձեռնությունների իրականացում:
Փաստաթուղթն ստորագրել են ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և գնդապետ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանը:
Նշվում է, որ Հայ-ռուսական համալսարանի գործընկերների ցանկն ամեն տարի ընդլայնվում է. այժմ բուհը համագործակցում է աշխարհի 164 համալսարանների հետ: Հիմնական ուղղություններն են. համատեղ կրթական ծրագրերի և գիտական նախագծերի մշակում, ուսանողների և դասախոսների փոխանակում, ինչպես նաև գիտադասախոսական կազմի պատրաստում: