Արմինֆո."Ոսկե ծիրան" 21-րդ կինոփառատոնի շրջանակում լույս է տեսել 1924-2022թթ. հայկական կինոյին նվիրված երկլեզու կատալոգ՝ ընդգրկելով 2023թ. որոշ դրվագներ:
Կատալոգը պարունակում է հնարավորինս սպառիչ տեղեկատվություն Հայաստանում կամ համատեղ արտադրությամբ նկարահանված գեղարվեստական, փաստավավերագրական և անիմացիոն ֆիլմերի մասին: Կատալոգի համար աղբյուր է ծառայել Հայաստանի ազգային կինոկենտրոնի, վավերագրական ֆիլմերի <Հայկ> կինոստուդիայի, ՀՀ հանրային հեռուստատեսության, ինչպես նաև հայ անկախ կինոարտադրողների և կինոստուդիաների կողմից տրամադրված տեղեկատվությունը:
Առաջին նման փորձը ձեռնարկվել է 60-ականների սկզբին՝ հայ կինոյի հիմնադիրներից մեկի՝ Դանիել Դզնունու կողմից։ Այն տարիներին Դզնունին կազմել է նախորդ 35 տարիների ֆիլմերի ցանկը, ինչպես նաև հայ կինոյին վերաբերող գրքերի և հոդվածների մատենագիտությունը:
Սակայն "Հայկական կինո" կատալոգի առաջին եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) հրատարակությունը լույս է տեսել 2000 թվականին Հայաստանի կինեմատոգրաֆիստների և կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ և ներառել է 1924-1999 թվականներին նկարահանված հայկական ֆիլմեր: 2009 թվականին "Ոսկե ծիրան" կինոյի զարգացման հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված "Հայկական կինո" կատալոգի երկրորդ հրատարակությունը համալրվել է 2000-2008թթ. նկարահանված հայկական ֆիլմերով: