Արմինֆո. "Ոսկե ծիրան" 21-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողության ժամանակ փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար "Փարաջանովի թալեր" մրցանակ է հանձնել ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնին:
Ռեժիսորը շնորհակալություն է հայտնել նման ջերմ ընդունելության և համբերության համար, քանի որ դեռ 10 տարի առաջ էր հրավիրվել Հայաստան՝ մասնակցելու "Ոսկե ծիրան" կինոփառատոնին: Ստանալով "Փարաջանովի թալերը"՝ Փեյնը նշել է, որ մեր երկիր կգար նաև առանց պարգևների: <Այն հրաշալի է, բայց ինձ պարգևներ պետք չեն: Ես համաձայն եմ Ջաֆար Փանահիի հետ, որ մենք մրցանակներ ենք ստանում մեր նվաճումների համար, բայց իրականում մենք միայն մեր ճանապարհի կեսին ենք", - ասել է ռեժիսորը։
Նա խոստովանել է, որ 63-ի սահմանն անցնելուց հետո սկսում ես ավելի շատ անհանգստանալ ապագա սերնդի համար, և ամենակարևորը, ականավոր ռեժիսորի կարծիքով, նրանց ոգևորությունն է:
<Ես դա զգացի Երևանում 2 կարևոր իրադարձությունների ժամանակ։ Առաջինը, երբ նայում էի Շողակաթ Վարդանյանի <1489> ֆիլմը: Եվ երկրորդը՝ «Թումո»-ում իմ հանդիպումն էր, որտեղ ես պատասխանում էի 12-16 տարեկան երեխաների հարցերին։ Չգիտեմ ինչու, բայց ինչ-որ ներքին ուժ նրանց դրդում է դառնալ կինոռեժիսոր, և մենք պետք է նրանց ոգեշնչենք։ Որովհետև ես ուզում եմ հայկական ֆիլմեր և պատմություններ տեսնել ոչ միայն Երևանում, այլ նաև՝ Նյու Յորքում, Կաննում, Բեռլինում և այլ քաղաքներում>, - ասել է Փեյնը։
Արթուր Խաչատրյանն, իր հերթին, պատմել է, որ Ալեքսանդր Փեյնի հետ ծանոթացել է ԱՄՆ-ի կինոփառատոններից մեկում կազմակերպված իր ֆիլմերի հետահայաց ցուցադրության ժամանակ: <Ես նրան հրավիրել եմ 10 տարի առաջ՝ մասնակցելու մեր փառատոնին։ Նա ասաց, որ կգա հաջորդ տարի, և այդ հաջորդ տարին դարձավ 10-րդ տարին: Եվ, այնուամենայնիվ, ես երջանիկ եմ, որ նրան ցույց տվեցի իմ հրաշալի երկիր Հայաստանը, մեր հրաշալի կինոփառատոնը և հրաշալի հայ ժողովրդին>, - ասել է նա։
Նշենք, որ այս տարի Ալեքսանդր Փեյնը "Ոսկե ծիրան" կինոփառատոնի շրջանակներում լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն էր: Փեյնը "Օսկար" կինոմրցանակի կրկնակի դափնեկիր է, որի 8 լիամետրաժ ֆիլմերն, ընդհանուր առմամբ, առաջադրվել են "Օսկար" 24 մրցանակի, այդ թվում՝ 4 անգամ "Լավագույն ֆիլմ" անվանակարգում, և 3 անգամ՝ "Լավագույն ռեժիսոր" անվանակարգում:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնը զուգադիպել էր Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: Այս տարի պատվավոր հյուր էր ամերիկացի լեգենդար դերասան, Օսկարի, Ոսկե գլոբուսի և այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Քևին Սփեյսին: 21-րդ "Ոսկե ծիրանի" անվանի հյուրերի թվում էին նաև Ալեքսանդր Փեյնը, Ջաֆար Փանահին, Թարսեմ Սինգհը, Ատոմ Էգոյանը, Մաքսիմ Վիտորգանը, Անտոն Դոլինը և այլոք:
"Ոսկե ծիրանն" այս տարի անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Կինոփառատոնի անցկացմանն աջակցել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը և Գյոթեի ինստիտուտը:
Կինոփառատոնի հիմնադիրներն են Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը: Կինոփառատոնի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը Կարեն Ավետիսյանն է: