Արմինֆո.Իրանի նոր վարչակազմն առաջնահերթ ուշադրություն է դարձնելու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Այդ մասին Tehran Times-ին հարցազրույցում հայտարարել է ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
"Մենք կպաշտպանենք ուժեղ տարածաշրջանի ստեղծումը, այլ ոչ թե՝ մի տարածաշրջանի, որտեղ մի երկիր ձգտում է հեգեմոնիայի եւ գերիշխանության մյուսների նկատմամբ։ Ես խորապես հավատում եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է ծախսեն իրենց արժեքավոր ռեսուրսները կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի կամ միմյանց չարդարացված զսպման վրա: Փոխարենը՝ մենք ձգտելու ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մեր ռեսուրսները կարող են ուղղված լինել տարածաշրջանի առաջընթացին և զարգացմանը՝ ի շահ բոլորի։ Մենք ակնկալում ենք համագործակցություն Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Օմանի, Իրաքի, Բահրեյնի, Կատարի, տարածաշրջանի այլ պետությունների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ խորացնելու մեր տնտեսական կապերը, ամրապնդելու առևտրային հարաբերությունները, նպաստելու համատեղ ներդրումներին, լուծելու ընդհանուր խնդիրները և առաջ շարժվելու դեպի երկխոսության, վստահության ամրապնդման և զարգացման տարածաշրջանային կառույց", - ասել է Փեզեշքիանը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանը չափազանց երկար է տառապել պատերազմից, կրոնական հակամարտություններից, ահաբեկչությունից եւ ծայրահեղականությունից, թմրավաճառությունից, ջրի պակասից, փախստականների ճգնաժամերից, շրջակա միջավայրի վատթարացումից եւ արտաքին միջամտությունից: "Ժամանակն է զբաղվել այս ընդհանուր խնդիրներով՝ ի շահ ապագա սերունդների։ Տարածաշրջանային զարգացման և բարգավաճման նպատակով համագործակցությունը կդառնա մեր արտաքին քաղաքականության ուղենիշային սկզբունքը: Որպես խաղաղ Իսլամական ուսմունքներում արմատավորված, առատ ռեսուրսներով և ընդհանուր ավանդույթներով օժտված ազգեր, մենք պետք է միավորվենք և ապավինենք տրամաբանության ուժին, այլ ոչ թե՝ ուժի տրամաբանությանը: Օգտագործելով մեր ազդեցությունը՝ մենք կարող ենք վճռորոշ դեր խաղալ ձևավորվող հետբևեռային աշխարհակարգում ՝ նպաստելով խաղաղությանը, ստեղծելով կայուն զարգացման համար բարենպաստ հանգիստ միջավայր, նպաստելով երկխոսությանը և ցրելով իսլամաֆոբիան: Իրանը պատրաստ է իր արդար բաժինն ունենալ այդ առումով", - նշել է ԻԻՀ նախագահը։
Հիշեցնենք, որ Մասուդ Փեզեշքիանը հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում՝ երկրորդ փուլում հավաքելով ձայների 53,67 տոկոսը: Արտահերթ ընտրությունները նշանակվել են մայիսի վերջին ավիավթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի զոհվելուց հետո: Հանրապետությունում նախագահը պետության գլուխ չէ: Իսլամական հեղափոխությունից հետո երկիրը գլխավորում է բարձրագույն ղեկավարը։ Այժմ դա այաթոլլա Ալի Խամենեին է։