Արմինֆո.ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան պատասխանել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանի գրությանը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որը վերաբերում էր հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։ Այդ մասին Թովմասյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Նամակի մեջ նշել էի, թե ինչպես էին ոստիկանական ուժերն անհամաչափ ուժ կիրառում խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ։ Փաստերով ներկայացրել էի տեղի ունեցած իրադարձությունները։ Օրինակ որ «Զարյա 3» տեսակի նռնակ է կիրառվել դեպքի վայրում, որը «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշներն սահմանելու մասին» N 09 հրամանի համաձայն, թուլատրելի չէ: ՀՀ ոստիկանությունը կարող էր կիրառել միայն «Զարյա» և «Զարյա-2» տեսակի լուսաձայնային նռնակ:
ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան շնորհակալություն է հայտնել իմ գրությանը՝ պատասխան նամակում նշելով․
«Պատասխանում եմ Ձեր` 2024 թվականի հունիսի 26-ի նամակին, որը դուք ուղարկել էիք Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որում ձեր մտահոգությունն եք հայտնում Հայաստանում ոստիկանական բռնությանների վերաբերյալ:
Խաղաղ ցույցերը տեղ ունեն բոլոր ժողովրդավարական երկրներում:
Հավաքների ազատության, խոսքի ազատության և մարդու իրավունքները հարգելը, պաշտպանելը և կատարելը պարտավորություն է, որը կիսում են և՛ Հայաստանը, և՛ ԵՄ-ն:
Վստահեցնում եմ, որ մենք հետևում ենք ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու մասին զեկույցներին։
Հասարակական կարգի պահպանմանն ուղղված ոստիկանության ցանկացած արձագանք պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին և այլ միջազգային չափանիշներին: Կարևոր է, որ ցանկացած ենթադրյալ ոստիկանական բռնություն մանրակրկիտ հետաքննվի, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Միևնույն ժամանակ մենք կոչ ենք անում ցուցարարներին պահպանել հանգստություն և խուսափել ցանկացած տեսակի սադրանքներից։
Մարդու իրավունքները, քաղաքական ազատությունը և օրենքի գերակայությունը ժողովրդավարության ողնաշարն են և հիմք են հանդիսանում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի համար: Այսպիսով, մինչ մենք ամրապնդում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը կմնան մեր համագործակցության առանցքային հենասյուները», այսպես է նշել իր պատասխան նամակում ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան։
Հ․Գ․ Այսպիսի գրություններ ուղարկել եմ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային իմ գործընկերներին։ Պատասխան գրությունները կհրապարակեմ ըստ անհրաժեշտության», - գրել է Թագուհի Թովմասյանը։