Արմինֆո. Երևանի և Անկարայի շփումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որևէ նախապայման չպետք է լինի, և ես հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունը կպահպանվի։ Այդ մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանների բացման հեռանկարներին եւ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Անկարան փակել է իր երկինքը Եվրոպայից Հայաստան ուղեւորվող բեռնատար ինքնաթիռի համար։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները հուլիսի 9-ին արգելել էին եթովպական Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 777F բեռնատար ինքնաթիռի թռիչքն իրենց օդային տարածքով, գրում է "Հետք" պարբերականը, որի տվյալներով՝ ինքնաթիռը թռել է բելգիական Լիեժից և, թռչելով եվրոպական մի շարք երկրների օդային տարածքով, պետք է Թուրքիայի օդային տարածք մուտք գործերՙ Բուլղարիայից: Սակայն, չստանալով թուրքական կողմի թույլտվությունը, ինքնաթիռը, միջանկյալ վայրէջք կատարելով Վիեննայում, վերադարձել է Լիեժ։ Քաղավիացիայի կոմիտեն պարբերականին հաղորդել է, որ եթովպական բեռնափոխադրողն ունեցել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, սակայն Անկարան վերջին պահին արգելել է թռիչքն իր օդային տարածքով:
Արշակյանի ասելով՝ Հայաստանը շատ կարևոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում, և հարևանների հետ հարաբերությունների մասով միշտ արտահայտել է իր դիրքորոշումը. տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում: «Պետք է ասեմ, որ շատ երկրներ, այդ թվում ՝ Չինաստանը, աջակցում են այս օրակարգին։ Մենք կարծում ենք, որ բաց սահմանների և հայ ժողովրդի համար նման խոչընդոտների հաղթահարման դեպքում ՀՀ-ի համար ավելի բարենպաստ պայմաններ կլինեն՝ ինչպես կենսամակարդակի, անվտանգության մակարդակի, այնպես էլ տևական խաղաղության հաստատման տեսանկյունից", - հայտարարել է նա։
Ինչպես նշել է փոխխոսնակը, տհաճ է նման բաներ լսելը, և ուզում եմ շուտով լսել օդային և ցամաքային անարգել տեղաշարժի մասին: Համենայնդեպս, հայկական կողմը քաղաքական կամք ունի՝ դա անելու, հավելել է նա։
"Սահմանների բացումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների շահերից, եւ հույս ունեմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ", - ամփոփել է ԱԺ փոխնախագահը: