Արմինֆո.Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը մասնակցում է ՆԱՏՕ-ի միջոցառմանը, ինչպես նաև կազմակերպության 75-ամյակին նվիրված այլ միջոցառումներին: Նախատեսված են նաև նախարարի երկկողմ հանդիպումներ:
Ավելի վաղ հայկական կողմը բազմիցս նշել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իր վճռականությունը: Իր հերթին՝ Բաքուն սկսել է այդ գործընթացը կապել ՀՀ գործող սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության հետ։
Հարկ է նաև հիշեցնել, որ ավելի վաղ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը նշել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում: