
Արմինֆո.Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողելուց» և միակողմանի զիջումներից հետո, ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես, մեծ լավություն են արել հայ ժողովրդին: Նույնիսկ այդ ֆոնը ստեղծելու դեմքերը պատահական չեն ընտրվում` քպ-ին «չեստ տվող» համազգեստավորներից մինչև վարկաբեկված պերսոնաժներ:
Երբ այդ ամենը ֆիլտրում ես` տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն», - գրել է Աբրահամյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սահմանազատման շրջանակում Կիրանցի տարածքի մի մասը ՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհահատված և նախապես 50 - ից ավելի հողամասեր, պետք է անցնեն Ադրբեջանին: Կիրանց-Աճակուրտ ճանապարհը պետք է այլընտրանք դառնա ճանապարհի այն հատվածին, որն անցնելու է Բաքվի վերահսկողության տակ ։ "Խոսքը երկու ճանապարհների մասին է ։ Դրանցից մեկը նոր է կառուցվում։ Նախնական այս ճանապարհի երկարությունը կկազմի 750 մ: Շինարարությունը սկսվել է, խնդրել են շինարարական ընկերությանը եւ մյուս գործընկերներին բավարար ուժեր ներգրավել, որպեսզի աշխատանքներն ավարտեն երկու ամսում", - մայիսի 22-ին ԱԺ-ում հայտարարել է ՏԿԱԻ նախարար Գնել Սանոսյանը: Երկրորդ ճանապարհը, ըստ նրա, Աճարկուտ գյուղով տանում է Կիրանց։ Դրա երկարությունը մոտ 3,5 կմ է, մի մասը 70-80-ականներին ասֆալտապատված հին ճանապարհ է, իսկ մյուս մասը նեղ գրունտային է։ Այդ ճանապարհը ևս, նրա խոսքով, նախատեսվում է վերանորոգել երկու ամսվա ընթացքում։ Նոր երթուղու ստեղծման համար կհատկացվի 9 մլն 613 հազար դրամ։
Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է սահմանամերձ Կիրանց գյուղի տարածքում այլընտրանքային ճանապարհի կառուցմանը, ինչպես նաև եղել է Ադրբեջանի հետ սահմանի հատվածում: Բացի այդ, այցի ընթացքում Փաշինյանը ծանոթացել է ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին, որը հնարավորություն կտա մուտք գործել Խաշթառակ բնակավայր մինչև Տավուշի մարզում դեպի գյուղ տանող և ջրհեղեղի հետևանքով տուժած կամրջի վերականգնումը: