
Արմինֆո.Հայաստանի օրենսդիրն ավելի մատչելի և անվտանգ է դարձնում հղիության արհեստական ընդհատումը։ Նախաձեռնությունը հուլիսի 8-ին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է հանձնաժողովի նախագահ եւ "Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին" օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը:
Նարեկ Զեյնալյանի խոսքով գործող օրենսդրությունում միայն հիվանդանոցային պայմաններում եւ գործիքային մեթոդներով է թույլատրվում հղիության արհեստական ընդհատումը: Պատգամավորի դիտարկմամբ ժամանակակից բժշկագիտության զարգացմանը համահունչ կան դեղորայքներ, որոնց միջոցով իրականացվում է հղիության անվնաս ընդհատում:
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» եւ կից օրինագծերի փաթեթով հեղինակներն առաջարկում են նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մինչեւ 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով մինչեւ 12 շաբաթական հղիությունը թույլատրվում է դեղորայքային ընդհատումը, սակայն քանի որ մեզ մոտ այս կարգավորումը նոր է, բավարար փորձ պետք է կուտակվի, որոշեցինք վերոնշյալ շեմն իջեցնել` նախատեսելով, որ դեղորայքային արհեստական ընդհատում հնարավոր կլինի կատարել 8 շաբաթական հղիության դեպքում», - ընդգծել է զեկուցողը:
Նարեկ Զեյնալյանի տեղեկացմամբ բարձրացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը` սահմանվելով մինչեւ 55 տարեկանը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, փաթեթով կանոնակարգվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես, առաջարկվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ) նկատմամբ: Վերանայվել է նաեւ փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը` 35-ից դարձնելով 38 տարեկան:
Ավելացվել են դրույթներ` կապված սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման եւ ոչնչացման հետ:
Հանձնաժողովի անդամները ողջունել են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի խոսքով նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մի շարք կարգավորումների` ներկայումս գործող օրենսդրությանն ու միջազգային մոտեցումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:
ՀՀ կառավարության առաջարկությամբ հուլիսի 11-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված նախաձեռնությունը ստացել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հիշեցնենք, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների անվճար կամ արտոնյալ պայմաններով հասանելիության միջոցով անպտղության բուժման ծրագրի գործարկման մասին հայտարարվել էր 2019 թվականի օգոստոսին՝ կառավարության նիստում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանում 2024թ. առաջին եռամսյակում ծնվել է 8 059 երեխա, ինչը 8.4%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 10,7 պրոմիլ՝ մեկ տարի առաջվա 12,1 պրոմիլի դիմաց։ Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում մահացել է 7 104 մարդ՝ տարեկան 4,9 տոկոս աճով: Երկրում մահացության ցուցանիշը կազմել է 9,4 պրոմիլ՝ 2023թ. նույն ժամանակահատվածի 9,3 պրոմիլի դիմաց։ Այսպիսով, բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը կազմել է 955 մարդ, ինչը 53% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։ Մասնավորապես, բնակչության բնական աճի գործակիցը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1,3 պրոմիլ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 2,8 պրոմիլ բնական նվազման գործակցի դիմաց։
Նշենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալների համաձայն, Հայաստանում անպտղությունը (վերարտադրողական տարիքի ընտանիքների շրջանում) կազմում է 16,8 տոկոս ՝ 15 տոկոս կրիտիկական մակարդակի դեպքում: