Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում կմասնակցի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական համաժողովին: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանագրից՝ որը հայաստանյան պատվիրակության կազմում գործուղում է նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, պատվիրակությունն ԱՄՆ-ում կլինի հուլիսի 14-17-ը:
Նշենք, որ բուն համաժողովը բացվում է այսօր՝ հուլիսի 8-ին և կտևի երկու շաբաթ: Նախարարները, ակտիվիստները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կհանդիպեն ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում ՝ քննարկելու համաժողովի հագեցած օրակարգը: Այս տարի համաժողովի մասնակիցների ուշադրությունը կկենտրոնանա հինգ նպատակների իրականացման վրա. աղքատության վերացում, սովի վերացում, կլիմայի փոփոխության դեմ պայքար, խաղաղություն, արդարադատություն և արդյունավետ ինստիտուտներ և գործընկերություն՝ ի շահ կայուն զարգացման: