Արմինֆո.Եթե նույնիսկ Թեհրանում, Վաշինգտոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Անկարայում միաժամանակ իշխանության գան պրոադրբեջանական ուժեր, բայց Հայաստանում լինի իրական պետական մտածողությամբ հայկական իշխանություն, Հայաստանը գրագետ քաղաքականությամբ և գրագետ քայլերով կկարողանա պաշտպանել իր շահերը՝ ձեռք բերելով դաշնակիցներ հենց այդ երկրներից։ Այդ կարծիքի է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
«Շատերը մտահոգ են (գուցե՝ ոչ անհիմն) Իրանում Փեզեշքիանի հաղթանակով՝ համարելով ադրբեջանցի։ Մինչ այդ մտահոգ էինք Բայդենի հնարավոր պարտությամբ (գուցե՝ ոչ անհիմն), ավելի վաղ մտահոգ էինք Մակրոնի պարտությամբ, Լուկաշենկոն վաղուց «ադրբեջանամետ» է, իսկ Պուտինը՝ «Էրդողանի դաշնակիցը»։ Գուցե այս բոլոր մտահոգությունները տեղին են, բայց ճիշտ եզրահանգման մենք չենք գալիս՝ արդեն մի քանի դարի շարունակ.
1. Եթե նույնիսկ Թեհրանում, Վաշինգտոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Անկարայում միաժամանակ իշխանության գան պրոադրբեջանական ուժեր, բայց Հայաստանում լինի իրական պետական մտածողությամբ հայկական իշխանություն, Հայաստանը գրագետ քաղաքականությամբ և գրագետ քայլերով կկարողանա պաշտպանել իր շահերը՝ ձեռք բերելով դաշնակիցներ հենց այդ երկրներից։
2. Եթե Թեհրանում, Վաշինգտոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Անկարայում միաժամանակ իշխանության գան պրոհայկական ուժեր, իսկական հայամետներ, բայց Հայաստանում լինի այսօրվա պես աղետաբեր իշխանությունը, մեզ ոչինչ չի փրկի կորուստներից ու ողբերգությունից, միշտ կլինենք «թույլ և մենակ»՝ առանց դաշնակից։ Հետևաբար՝ կենտրոնանալ է պետք է սեփական իշխանության որակի վրա։ Մնացածը կառավարելի իրավիճակներ են», - նշել է Հովհաննիսյանը սոցցանցում։
Ռեֆորմիստների թևի թեկնածու Մասուդ Պեզեշքիանը (նախկին սրտային վիրաբույժ) հաղթել Է Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Ընտրությունների երկրորդ փուլը պետք է անցկացվեր այն բանից հետո, երբ թեկնածուներից ոչ մեկը հունիսի 28-ին Առաջին փուլում ձայների մեծամասնություն չստացավ: Իրանի նախագահի արտահերթ- 14-րդ ընտրություններ (պաշտոնը սահմանվել է 1979 թվականին երկրում միապետության տապալումից հետո) նշանակվել են այն բանից հետո, երբ Իրանի նախորդ առաջնորդ Էբրահիմ Ռաիսին մայիսին զոհվեց ուղղաթիռի կործանման հետևանքով: Իրանի նորընտիր նախագահն էթնիկ ադրբեջանցի է, որը խոսում է ադրբեջաներեն, պարսկերեն և քրդերեն: Մասուդ Փեզեշքիանը բացարձակ մեծամասնություն է ստացել երկրի բոլոր էթնիկ շրջաններում, Մինչդեռ, Սաիդ Ջալիլիի (գերագույն առաջնորդի ներկայացուցիչ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում) օգտին քվեարկել է, հիմնականում, Կենտրոնական Իրանը, որտեղ գտնվում են երկրի հիմնական կրոնական կենտրոնները:
Թեհրանի արտաքին քաղաքականության առումով Փեզեշքիանը խոստացել է դադարեցնել Իրանի «մեկուսացումը» մնացած աշխարհից։ Բացի այդ, Փեզեշքիանը կոչ է արել "կառուցողական բանակցություններ վարել" Արեւմուտքի հետ՝ 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ, որի շրջանակում Իրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ արեւմտյան պատժամիջոցների թուլացման դիմաց: