Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով: Կառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն, Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Միացյալ Թագավորության համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակի և Ձեր կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նորանոր հաջողություններ կգրանցի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառներում։
Ուրախությամբ եմ արձանագրում վերջին տարիներին մեր երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը, ինչը երկկողմ փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Լիահույս եմ, որ ներկայիս դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլև կհամալրվի հեռանկարային ծրագրերով՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։
Ակնկալում եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկրների միջև համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Կրկին շնորհավորելով` Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: