


Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում: Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն: Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը նաև պարտավորվում է, մասնավորապես, առանց ԱՄՆ-ի կառավարության նախօրոք գրավոր համաձայնության չփոխանցել ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների, ուսուցման և ծառայությունների սեփականության կամ տիրապետման իրավունքը որևէ այլ անձի, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակներով, ապահովել դրանց անվտանգությունը, պաշտպանել դրանք յուրացումից կամ փոխակերպումից:
Աղբյուրը նշում է, որ 2009 թվականի մայիսի 15-ին հովանոցային համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարով՝ մինչև 2016 թվականը: 2016 թվականի նոյեմբերի 25-ին Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մինչև 2023 թվականի նոյեմբերի 25-ը: 2024 թվականի մայիսի 2-ին Երևանում ստորագրվել է նոր փաստաթուղթ, որի համաձայն, համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 7 տարով՝ մինչև 2030 թվականի նոյեմբերի 24-ը։



