Արմինֆո.Այս տարի Հայաստանն առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է այդ օգնության վրա դրված արգելանքը: Այդ մասին «Ազատությանը» հաղորդել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։
Ըստ նույն աղբյուրների, «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը, նախ, կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։
Ավելի վաղ ՝ ապրիլին, հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ: Դիվանագիտական փաստաթղթերի համաձայն, այդ գումարով նախատեսվում էր ստեղծել մեկ գումարտակի դաշտային մոդուլային ճամբար, որը նաեւ պետք է ներառեր մեկ բժշկական կետ, ինչպես նաև համապատասխան ծառայություններ և հնարավորություններ: "Այդ աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի Զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ", - ասվում էր փաստաթղթում:
Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության» աղբյուրների, Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։
Կուլիսներում շարունակվող բանակցությունների ֆոնին՝ Հայաստանի արտգործնախարարն էր անցած մայիսին մեկնել Հունգարիա, հույս հայտնելով, որ հուլիսից մինչև տարեվերջ Եվրամիության նախագահությունը ստանձնող Բուդապեշտը չի խոչընդոտի Բրյուսելի հետ Հայաստանի խորացող կապերին։
Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Վրջին տարիներին ԵՄ Խաղաղության հիմնադրամից օգնություն են ստացել անդամակցության ձգտող Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ աֆրիկյան երկրներ՝ Սոմալիից մինչև Կոնգո:
Հայաստանն այդ հիմնադրամից օգտվելու հայտ է ներկայացրել անցյալ տարի։ Նախորդ տարվա հոկտեմբերին Երևան ժամանած Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ այդ հարցով անձամբ դիմել է Եվրամիության ԱԳՆ ղեկավարին: