Արմինֆո. Մենք ազգովի չենք նախապատրաստվել Արցախը պաշտպանելու համար։ Այդ մասին հուլիսի 4-ին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, պատասխանելով այն հարցին, թե ով է հանձնել Արցախը։
Նա, մասնավորապես, նշել է, որ 1994 թվականից հետո բաց է թողնվել այդ նվաճումը պաշտպանելու բացառիկ հնարավորությունը։ "Բացի այդ, մենք չկարողացանք ստեղծել դիվանագիտական համակարգ, դիվանագիտական հարաբերությունների ողջ համալիրը, որը մեզ հնարավորություն կտար որոշակի երկրների աջակցությունն ապահովել այդ հարցում", - ասել է Սինանյանը:
Լրագրողների հարցին, թե ում նկատի ունի՝ "մենք" ասելով, սփյուռքի գործերի հանձնակատարը պատասխանել է. «Հայ ժողովրդին»:
Հիշեցնենք, որ ս. թ. հունիսի վերջին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում Ռուսաստանին էր մեղադրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեջ: Մասնավորապես, նա հայտարարել էր, որ Ռուսաստանը եկել է Լեռնային Ղարաբաղ, հանձնել Ադրբեջանին և վերադարձել Ռուսաստան։ Գրիգորյանն ընդգծել էր, որ առանց ՌԴ թույլտվության որևէ պատերազմ չէր լինի ։