Արմինֆո."Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը օտարերկրյա դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների հետ:
Մասնավորապես, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում "Ոսկե ծիրան" կինոփառատոնում երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու ֆրանսիական նորագույն ֆիլմերի ընտրանին: Ինչպես հաղորդում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը, Երեւանում կցուցադրվի Բերտրան Բոնելլոյի "Գազանը", Դեւիդ Բոարետտոյի "Ապրիլը Ֆրանսիայում", Ալեքսիս Պազումյանի "Սեւ այգին", Կատյա Կիրակոսյանի "Միսաք եւ Մելինե Մանուշյաններ" ֆիլմերը: Իսկ հուլիսի 10-ին "Ֆրանսիական կինոյի օր" ավանդական միջոցառման շրջանակում երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ֆրանս-սենեգալցի դերասանուհի և ռեժիսոր Մաթի Դիոպի "Դահոմեա" վավերագրական ֆիլմը, որը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է "Ոսկե արջի":
Դեսպանատան և Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցության շնորհիվ "Ոսկե ծիրան"-ին Երևան կժամանեն գրող, փիլիսոփա, գրականագետ Գրիգոր Պլտյանը (որպես ժյուրիի անդամ) և ռեժիսորներ Դևիդ Բոարետտոն, Ալեքսիս Պազումյանը և Կատյա Կիրակոսյանը:
Երևանի Գյոթեի կենտրոնի հետ համատեղ կիրականացվի <Արտադրված է Գերմանիայում> ծրագիրը: Մասնավորապես, "Երևանյան պրեմիերաների" շրջանակում կցուցադրվի Անդրեաս Դրեզենի "Սիրով՝ Հիլդայից", Սևերին Ֆիալի և Վերոնիկա Ֆրանցի "Դիվային բաղնիք", Վիկտոր Կոսակովսկու "Արխիտեկտոն", Ավիվա Բարխուդարյանի "Վիգենը, Բերդինը և Սառը պատերազմը" ֆիլմերը:
Բացի այդ, միջազգային և տարածաշրջանային մրցույթներում ընդգրկվել են Նոազ Դեշեի <Քսովտեքս>, Ֆարազ Ֆեշարակիի <Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով> , Նաֆիս Ֆաթոլլահզադեի < Խաբուր> ֆիլմերը:
Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կաջակցի փառատոնային օրաթերթի հրատարակմանը:
Հիշեցնենք, որ այս տարի "Ոսկե ծիրանը" կանցկացվի Երևանում հուլիսի 7-14-ը և նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակներին: Բացումը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ֆիլմերի ցուցադրությունները՝ Կինոյի տանը և "Մոսկվա" կինոթատրոնում: Փառատոնի պատվավոր հյուրն է հոլիվուդյան նշանավոր դերասան, "Օսկար" կինոմրցանակի կրկնակի դափնեկիր Քևին Սփեյսին: