Արմինֆո. Հուլիսի ամառային օրերին 21-րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը: Այս տարի այն նվիրված կլինի երկու ականավոր վարպետների, հանճարների, աշխարհահռչակ արվեստագետների՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100 - ամյա հոբելյաններին:
"Ոսկե ծիրան" կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանի ասելով՝ Փարաջանովն ու Ազնավուրը միանգամայն տարբեր երևույթներ են, տարբեր քաղաքակրթությունների և արվեստի ձևերի կրողներ: Միակ բանը, որ միավորում էր նրանց, ինչպես նշել է Ավետիսյանը հուլիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, կինոն էր։ <Եվ մեր փառատոնը պատմականորեն ունեցել է այս կարգախոսը. լինել քաղաքակրթությունների, մշակույթների խաչմերուկ: Ուստի, երբ, եթե ոչ այս դեպքում "ձոն երգել" և հարգանքի տուրք մատուցել այդ 100-ամյա հոբելյարներին", - ասել է "Ոսկե ծիրանի" գեղարվեստական ղեկավարը: Միաժամանակ, նա նշել է, որ փառատոնի ընթացքում Երևանում կանցկացվեն Փարաջանովին և Ազնավուրին նվիրված տարբեր միջոցառումներ, այդ թվում ցուցահանդեսներ, պերֆորմանսներ և այլն:
Հատկանշական է, որ այս տարվա կինոփառատոնի պաստառը Տիգրան Համալբաշյանի կոլաժն է, որը հանգավորվում է փարաջանովյան կոլաժի արվեստով: Կարեն Ավետիսյանը պարզաբանել է, որ քանի որ Փարաջանովին և Ազնավուրին դժվար է համադրել, իսկ կոլաժի ժանրը նախատեսում է բարդ համադրելի իրերի, երևույթների համադրում, նման պաստառը լավագույնս կարտացոլի կատարվողը:
"Համալբաշյանը, որպես կոլաժի ժանրում աշխատող արվեստաբան, ի վերջո միավորել է Փարաջանովին և Ազնավուրին' ոչ միայն պատմական և խորհրդանշական, այլ նաև վիզուալ առումով", - ասել է "Ոսկե ծիրանի" տնօրենը:
Նա հիշեցրել է, որ կինոյի տոնն այս տարի առաջին անգամ կանցկացվի առանց ավանդական կարմիր ուղեգորգի: Կինոփառատոնի ստեղծագործական թիմը որոշել է փոխել այդ ավանդույթը և օգտագործել ըստ ժամանակակից հայ նկարիչ Դավիթ Քոչունցի էսքիզների տեղի գորգագործուհիների գործած գորգերը:
Ընդհանուր առմամբ, Ավետիսյանը նշել է, որ 21-րդ "Ոսկե ծիրանը" լի է լինելու անակնկալներով և կարևոր շեշտադրումներով: Ավանդույթի համաձայն, Երևան կայցելեն համաշխարհային կինոարտադրության անվանի դեմքեր, օսկարակիր ռեժիսորներ, պրոդյուսերներ, դերասաններ, կներկայացվեն միջազգային հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր ֆիլմեր: Ինչպես միշտ, կանցկացվի լիամետրաժ, տարածաշրջանային և կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ: Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի նախագահ կդառնա ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը, տարածաշրջանային ծրագրինը՝ հնդիկ-ամերիկյան ռեժիսոր Տարսեմ Սինգհը, կարճամետրաժ ֆիլմերինը՝ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Փառատոնի պատվավոր հյուրն է հոլիվուդյան աստղ, "Օսկար" կինոմրցանակի դափնեկիր Քևին Սփեյսին: Այդ առնչությամբ Ավետիսյանը նշել է, որ Քևին Սփեյսիի հետ բաց հանդիպումից զատ, որը տեղի կունենա հուլիսի 9-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում, դերասանը նաև փակ վարպետության դաս կանցկացնի հայ ուսանողների համար:
"Եվ այստեղ պետք է հասկանալ, որ սա ոչ միայն հայտնի մարդկանց խորհրդանշական այց է շահաբաժինների համար, այլ Քևին Սփեյսիի այցը կարևոր կրթական բաղադրիչ է պարունակում", - ընդգծել է նա:
Նշենք, որ փառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը Երևանում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Բացումը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Ատոմ Էգոյանի "Յոթ շղարշ" նոր ֆիլմով: Փառատոնի շրջանակում կինոցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը և "Մոսկվա" կինոթատրոնում: Կինոփառատոնի անցկացմանն աջակցել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը և Գյոթեի ինստիտուտը:-