


Արմինֆո.ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը գտնում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն տվել է շատ որոշակի արդյունք, և նրա ներկայությունը երկրում ցույց է տալիս, թե որքան հեռու է պատրաստ գնալ Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում: Այդ մասին Մարագոսը հայտարարել է հուլիսի 3-ին "Հայաստան-Արեւելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ եւ հնարավորություններ" համաժողովի ժամանակ։
Անդրադառնալով Հայաստանի կայունությանը՝ Մարագոսը նշել է, որ, իր կարծիքով, խոսքը հասարակության, տնտեսության և ինստիտուտների կայունության մասին է: "Հայաստանում արդեն ներդրվել է ավելի քան 600 մլն եվրո, եւ մենք շարժվում ենք դեպի ենթակառուցվածքային նախագծերի իրականացում, որոնք վաղուց էին ծրագրվում, բայց հիմա, կարծում եմ, դրանք իրականություն են դառնում", - ասել է դիվանագետը:
Նրա կարծիքով, կայունության ամրապնդման մասին խոսելիս անհրաժեշտ է հիշատակել ԵՄ աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Այս առումով, ինչպես նշել է Մարագոսը, կարեւոր է նաեւ Արեւելյան գործընկերության դերը, սակայն Հարավային Կովկասն ունի իր որոշակի առանձնահատկությունները, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչպես նաեւ՝ Հայաստան-Վրաստան հարաբերություններին:
"Եվրամիությունը, այո, օգտագործում է իր գործիքները, հնարաավոր է, ոչ միշտ՝ շատ արդյունավետ, քանի որ դա կախված է նաեւ այդ գործընկերների պահվածքից", - ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը: Այնուամենայնիվ, նշել է Վասիլիս Մարագոսը, ԵՄ-ն առավելագույն ջանք է գործադրում տարածաշրջանում հաղորդակցությունների հաստատմանն ու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին աջակցելու համար:



