Արմինֆո. "Freedom House" միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը հստակ արձանագրել է, որ Արցախում տեղի ունեցածն ամբողջովին համապատասխանում է էթնիկ զտման միջազգայնորեն ընդունված սահմանմանը։ Այդ մասին սոցցանցում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
"Freedom House-ը հայաստանյան մի շարք իրավապաշտան կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել է հսկայական աշխատանք և հրապարակել զեկույց, որում աներկբա ապացուցում է, որ «Ադրբեջանը գործել է համապարփակ, մեթոդաբար իրականացված ռազմավարությամբ՝ Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից և նրանց պատմական/մշակութային ներկայությունից մաքրելու համար»:
Զեկույցը հստակ արձանագրում է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, ամբողջովին համապատասխանում է էթնիկ զտման միջազգայնորեն ընդունված սահմանմանը։ Իսկ զուգահեռ իրականության մեջ անընդհատ խոսվում է Հայաստանի կողմից միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մասին, որոշ չճշտված տեղեկությունների համաձայն էլ՝ գործընթացն արդեն սկսվել է։ Եթե դա տեղի ունենա, ուրեմն թքած ունեք 150 հազար մարդկանց իրավունքների վրա, և պետք չէ այն փաթեթավորել արդեն չարչրկված իրատեսության քարոզներով»- կարծում է Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, որ Freedom House-ը փաստահավաք զեկույց է ներկայացրել՝ "Ինչու՞ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան" վերնագրով, որը փաստում է, թե ինչպես էթնիկ հայերը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից դիտավորյալ ենթարկվել են կանոնավոր հարձակումների, ահաբեկումների, հիմնական իրավունքներից և կյանքի նորմալ պայմաններից զրկելու, ինչպես նաև բռնի տեղահանության: Զեկույցն ընդգրկում է Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական հարձակում ընկած ժամանակահատվածը։ Զեկույցը, մասնավորապես, արտացոլում է միջազգային փաստահավաք առաքելության աշխատանքը, այդ թվում՝ հարցազրույցներ հարյուրավոր վկաների հետ և տվյալներ բաց աղբյուրներից, որի նպատակն է ստանալ պատասխան այն հարցին, թե ինչու 2024 թվականի մայիսի դրությամբ Լեռնային Ղարաբաղում չի բնակվում ոչ մի էթնիկ հայ։
Հավաքված ապացույցները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը գործել է Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայ բնակչությանը վտարելու և հայերի պատմական ու մշակութային ներկայությունը ջնջելու համալիր, մեթոդականորեն իրագործվող ռազմավարությանը համապատասխան: Զեկույցում հստակ նշվում է, որ ադրբեջանական պետությունն աստիճանաբար և մեթոդաբար ստեղծել է կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են եղել կամ հայ բնակչության աստիճանական ոչնչացմանը, կամ նրանց գոյատևումն անհնարին դարձնելուն, ինչը հանգեցրել է հարկադիր տեղահանման: "Հայերի տեղահանությանը հաջորդած ադրբեջանցի պաշտոնյաների պաշտոնական հայտարարություններն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը "լուծվել է", և "արդարությունը վերականգնվել է", դիտավորության ևս մեկ վկայություն են", - ասվում է զեկույցում:
Փաստաթղթի հեղինակները նաև հիշեցնում են, որ Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ բնակչության տեղահանություն՝ անտեսելով բոլոր միջազգային կառույցների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և այլոց ընդունած բանաձևերը: Փաստահավաք առաքելության աշխատանքը ցույց է տվել, որ բավարար ապացույցներ կան՝ եզրակացնելու, որ Ադրբեջանի այդ գործողությունները, ինչպես նաև զեկույցում նշված մյուսները նույնպես հանցագործություն են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության համաձայն՝ ներառյալ 7-րդ հոդվածը (մարդկության դեմ հանցագործություններ): Իսկ 8-րդ հոդվածով այդ արարքները պատերազմական հանցագործություններ են և համապատասխանում են բնակչության տեղահանման կամ բռնի տեղահանման սահմանմանը ։ Այս եզրակացությունները և Ադրբեջանում ներպետական դատական հետապնդումների բացակայությունն ընդգծում են միջազգային իրավաբանական վերահսկողության և հաշվետվողականության խիստ անհրաժեշտությունը, որպեսզի գործը հանձնվի Միջազգային քրեական դատարան՝ այդ սարսափելի գործողությունների համար պատասխանատու անձանց մանրակրկիտ հետաքննությունը և հնարավոր դատական հետապնդումը ապահովելու նպատակով, նշվում է փաստաթղթում:
Զեկույցը քննարկվել է հուլիսի 1-ին Երևանում ՝Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում: