Արմինֆո.Արդեն ավանդական դարձած "Տարազ ֆեստ"-ն այս տարի կանցկացվի օգոստոսի 10-11-ը Երեւանի Հաղթանակի զբոսայգում: Ինչպես հաղորդում են զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունից, միջոցառումը Հայաստանում իրականացվում է արդեն 6-րդ անգամ: "Տարազ ֆեստ" - ն անցկացվում է ազգային ավանդույթների, մշակույթի և տարազների հանրահռչակման, ներկայացման և զարգացման նպատակով ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար: Որպես կանոն, փառատոնին մասնակցում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման առաջին մասի շրջանակում տեղի կունենա հայ վարպետ արհեստավորների ցուցահանդես-տոնավաճառ, երիտասարդ դիզայներների աշխատանքների ցուցահանդես - մրցույթ, ազգային խաղեր, կրթական և ժամանցային ծրագրեր: Երկրորդ մասի շրջանակում սպասվում է ազգային հագուստի ցուցադրություն։ Մասնավորապես, դրանք կներկայացվեն "Տերյան մշակութային կենտրոնի", տեղացի և միջազգային հայ դիզայներների հագուստի անհատական հավաքածուները: "Տարազ ֆեստ" - ն անցկացվում է Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: