Արմինֆո.Եվրամիությանը Հայաստանի անդամակցության շուրջ հանրաքվեի անցկացումը նպատակահարմար չէ։ Այդ մասին հուլիսի 1-ին Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդուհանդերձ, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, հայ ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ "Ասում են, որ մենք պետք է հանրաքվե անցկացնենք, որպեսզի ցույց տանք, որ ժողովուրդը սատարում է ԵՄ անդամ դառնալու գաղափարին։ Ես՝ ինքս, Եվրոպական խորհրդարանում հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ ԵՄ-ին, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում։ Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը չի կիսում այդ գաղափարը, ես այդ հայտարարությամբ հանդես չէի գա։ Եթե մենք հանրաքվե ենք անցկացնում, մենք պետք է նաև քարոզարշավ անցկացնենք։ Այդ դեպքում մարդիկ մեզ հարցեր են տալու. Ինչպե՞ս և ե՞րբ, ԵՄ-ն ուզում է դա, թե՞ ոչ ։ Մարդիկ կհարցնեն՝ արդյո՞ք ԵՄ-ը պատրաստ է ընդունել մեզ։ Ես չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ, քանի որ ԵՄ երկրներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք, առնվազն, ընտրությունների հետ կապված հարցեր են առաջացնում։ Մենք մեր քաղաքական կամքի մասին հայտարարել ենք ամենաբարձր մակարդակով", - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ չորս արտախորհրդարանական կուսակցություններ կոչ էին արել հանրաքվե կազմակերպել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության շուրջ: Իրենց հայտարարության մեջ կուսակցությունների առաջնորդներ Տիգրան Խզմալյանը (Եվրոպական կուսակցություն), Արամ Սարգսյանը ("Հանրապետություն"), Արման Բաբաջանյանը ("Հանուն հանրապետության") եւ Լեւոն Շիրինյանը (Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն) նշել են, որ "ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից եւ ներհայաստանյան անհրաժեշտությունից" առաջարկում են հանրաքվե կազմակերպել առաջիկա 3-4 ամիսների ընթացքում: Այս տարվա մայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է արդեն այս տարի Հայաստանը Եվրամիության անդամ տեսնելու ցանկության մասին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 29-ին հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամության թեկնածու: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, իր հերթին, մարտի 8-ին թուրքական TRT-ին հարցազրույցում հայտարարել էր, որ "Հայաստանի ժողովուրդն իսկապես եվրոպական նկրտումներ ունի":