Արմինֆո. Առաջիկա տարիներին մենք կթարմացնենք Հայաստանի հետ ռազմավարական երկխոսությունը, որը կվերածվի ռազմավարական գործընկերության։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024»-ի ժամանակ ունեցած ելույթի շրջանակում։ "Դա կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը", - ընդգծել է նա:
Բարձր գնահատելով մեր երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացումը ժողովրդավարական գաղափարների տարածման համատեքստում՝ դիվանագետը նշել է, որ այդ հարցում մեծ դեր է ունեցել քաղաքացիական հասարակությունը: Քվինը հայտարարել է, որ Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական ապագային օրինակ է ողջ աշխարհի համար: "ԱՄՆ-ը հպարտ է, որ օգնում է Հայաստանին այդ ջանքերում, էներգետիկայի ոլորտում, առևտրի ոլորտում և այլն: Ես իսկապես հպարտ եմ այն աշխատանքներով, որոնք իրականացվում են ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ", - ասել է ԱՄՆ դեսպանը:
Հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ նա նշել է, որ ժողովրդավարությունը մարդկային ներուժի իրացման միակ ազդեցիկ գործիքն է: Քվինը հավելել է նաև, որ ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում, ուժային կառույցների բարեփոխման, արդար ընտրությունների անցկացման, մամուլի ազատության ապահովման գործում: "Ժողովրդավարությունը պահանջում է մշտական հանձնառություն, եւ մենք աշխատում ենք միմյանց հետ, որպեսզի հաղթահարենք մարտահրավերները եւ ստեղծենք մի աշխարհ, որտեղ ժողովրդավարությունը կզարգանա", - ընդգծել է նա:
Նշենք, որ համաժողովն անցկացվում է Freedom House կազմակերպության և "Իրազեկ քաղաքացիների միավորում" ՀԿ-ի նախաձեռնությամբ: Համաժողովի նպատակն է համախմբել Հայաստանում ժողովրդավարության առաջմղմամբ շահագրգիռ բոլոր կողմերին՝ քննարկելու իրականացվող բարեփոխումները և առկա խնդիրները: