Արմինֆո. Մի շարք եվրոպացի պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց արձագանքի առնչությամբ:
Հայտարարության մեջ արձանագրվում է, որ վերջերս Ֆրանսիան և Հայաստանը պայմանագիր են ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում, ինչը կտրուկ հակազդեցություն է հարուցել Ռուսաստանում՝ համաժամանակյա Ադրբեջանի հետ: Այդ համատեքստում եվրախորհրդարանականները հիշեցրել են, որ յուրաքանչյուր պետություն ունի ժամանակակից ռազմական տեխնիկայով հագեցած մարտունակ զինված ուժեր պահելու ինքնիշխան իրավունք: "Երկու ռեժիմներն էլ Ֆրանսիային մեղադրել են Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտություն հրահրելու համար, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների միջև որոշակի համաձայնության առկայությունը, որը հանգեցրել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 140 000 հայերի էթնիկ զտմանը: Այդ համաձայնությունը շարունակվում է, և Եվրոպական հանձնաժողովն ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը աչք են փակում դրա վրա։
Տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ ավտորիտար և ագրեսոր երկրները, ինչպիսիք են Ադրբեջանը և Ռուսաստանը, դատապարտում են ԵՄ անդամ պետություններին, ինչպիսին է Ֆրանսիան, "երկրների ներսում կամ երկրների միջև առկա տարաձայնությունները, հակասությունները սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու համար որպես գործիք օգտագործելու ձգտման համար"։ Սա ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել Եվրամիության համար, և ժամանակն է պատժամիջոցներ սահմանել Ալիևի բռնապետական ռեժիմի նկատմամբ՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարելուն ուղղված նրա ապակառուցողական գործողությունների, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների համար։ Մենք խստորեն դատապարտում ենք Բաքվի և Մոսկվայի պաշտոնական հայտարարությունները և կոչ ենք անում Հանձնաժողովին և Արտաքին կապերի եվրոպական ծառայությանը անհապաղ արձագանքել այս իրավիճակին", - ասվում է եվրոպացի պատգամավորների հայտարարության մեջ, որն ստորագրել են Եվրոպական խորհրդարանի 15 պատգամավորներ, այդ թվում՝ Միրիամ Լեքսմանը (ԵԺԿ, Սլովակիա), Ֆրանսուա-Քսավյե Բելամին (ԵԺԿ, Ֆրանսիա), Չարլի Վեյմերսը (ECR, Շվեդիա), Նատալի Լուազոն (Renew, Ֆրանսիա), Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս):
Նշենք, որ հունիսի 18-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն Հայաստանի հետ ստորագրել է ֆրանսիական Caesar ԻՀԿ-ների (155 մմ ինքնագնաց հրետանային կայանք, որը մշակվել և արտադրվում է ֆրանսիական Nexter ընկերության կողմից) գնման շուրջ պայմանագիր: Իսկ հունիսի 17 - ին ՀՀ ՊՆ-ից հաղորդել են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության շուրջ համաձայնագիր:
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Կատրին Կոլոնան հայտարարել էր Երևանում ֆրանսիական ռազմական կցորդի նշանակման մասին ՝ երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման նպատակով։ Իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիան դրական էր արձագանքել Հայաստանի ռազմական օգնության խնդրանքին ՝ Ադրբեջանից բխող սպառնալիքի ֆոնին։ Հոկտեմբերի 22-23-ը Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը տեղեկացվել է Երևանին սպառազինություն մատակարարելու շուրջ համաձայնության գալու մասին: Այն ժամանակ ստորագրվել են համաձայնագիր Երևանին երեք Thales Ground Master 200 (GM200) ռադարների մատակարարման մասին և փոխըմբռնման հուշագիր փոքր հեռահարության Mistral ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ ։ Երկրորդ պայմանագիրը վերաբերում էր Երևանի կողմից գիերային տեսանելիության հեռադիտակների, Safran-ի արտադրության սարքավորումների ձեռքբերմանը։ Ֆրանսիան Հայաստանին արդեն մատակարարել է 24 միավոր "Բաստիոն" տիպի թեթև զրահամեքենա ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը կստանա 50 նման մեքենա։