Արմինֆո. Անշուշտ, Հայաստանը կտրականապես դեմ է պատերազմին, ոչ միայն հումանիստական գաղափարների պատճառով, այլ՝ որովհետև մենք ինքներս նման ավերածությունների ենք բախվել մեր տարածաշրջանում։ Այս կերպ է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Տալլինում պատասխանել ռուս - ուկրաինական պատերազմի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման մասին հարցին՝ Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մարգուս Ցախկնայի հետ համատեղ ասուլիսում։
Նա ասել է, որ Հայաստանը տեսել է քաղաքացիական բնակչության բռնի տեղաշարժ, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում և այլն: "Պատերազմը միշտ էլ սարսափելի բան է, և մենք կտրականապես դեմ ենք պատերազմին: Միևնույն ժամանակ, մենք աջակցում ենք ոչ միայն խաղաղությանն ու կայունությանը, այլև երկրների տարածքային ամբողջականությանը", - նշել է Միրզոյանը։ Այս առնչությամբ նա նշել է, որ Հայաստանը կարող է միայն պետություններին կոչ անել շտապ կարգով դադարեցնել ռազմական գործողությունները։