Արմինֆո.Կոմիտասի 155-ամյակին ընդառաջ Երևանում տեղի կունենա Վարդապետին նվիրված համերգ' «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով: Համերգային ծրագրի հեղինակը հայ ռոք երգիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր Վահան Արծրունին է:
Նախագիծն իր տեսակով և գեղագիտությամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև նրա ժառանգության բազմաբնույթ մեկնությունները։ Իսկ Կոմիտասի քնարերգությունը ներկայացվում է Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարով։
Միջոցառման շրջանակում ելույթ կունենան երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, բազմաթիվ հեղինակավոր փառատոների մասնակից Աննա Մայիլյանը, Էվանսոն քաղաքի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհան Խոջա-Էյնաթեանը և նրա հիմնադրած «Նարեկյան զանգակներ» համույթը, ինչպես նաև KVART անսամբլը՝ ընդլայնված կազմով (գեղարվեստական ղեկավար՝ Նարեկ Ավագյան): Համերգային պաստառի հիմքում Վալենտին Պոդպոմոգովի «Կոմիտաս» գեղանկարն է։
Համերգը տեղի կունենա հուլիսի 2-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: