Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտում պատմել են պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենի ՝ Հարավային Կովկասի երկրներ այցելության նպատակների մասին:
Հունիսի 26-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մետթյու Միլլերը, ի պատասխան վերջին շրջանում Օ ' Բրայենի՝ Հարավային Կովկասի երկրներ այցելելու նպատակների մասին պատմելու խնդրանքի, մասնավորապես, նշել է. "Մենք շարունակում ենք զբաղվել դիվանագիտությամբ՝ այդ տարածաշրջանում մի շարք չլուծված խնդիրներ կարգավորելու համար։ Դա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք արդեն որոշ ժամանակ: Պետքարտուղարի օգնականը պարբերաբար գնում է այնտեղ"։
Նշենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, այցը կսկսվի հունիսի 27-ին: Այցի ընթացքում սպասվում են Օ ' Բրայենի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հաղորդվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ամերիկա-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների առաջընթացը և ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար: