Արմինֆո. Փարիզն առաջնորդվում է ոչ թե Հայաստանի և նրա ժողովրդի շահերով, այլ ձգտում է Երևանն օգտագործել սեփական կոնյեկտուրային նպատակներին հասնելու համար։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդպես է մեկնաբանել Ֆրանսիայի կողմից սպառազինության մատակարարումը Հայաստանին։
Նա ընդգծել է, որ դա Փարիզի քաղաքականության մի մասն է՝ լինել ամենուր և ոչ մի պատասխանատվություն չկրել: "Եթե նրանք ցանկանային պատասխանատվությամբ վերաբերվել հակամարտությունների կարգավորմանը, նրանք մեկ միլիոն հնարավորություն ունեին, դրանցից մեկը նույն Մինսկի պայմանավորվածություններն էին", - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան ընդգծել է, որ 2020 և 2022 թվականներին Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները վայրի խանդ ու զայրույթ են առաջացրել Արևմուտքում։ "Արևմուտքը դա համարեց իր շահերի գոտի և, չկարողանալով որևէ առաջընթացի հասնել խաղաղ կարգավորման ուղու վրա, պարզապես, գործ է նախապատրաստում հերթական քաոսի, քաոսի քաղաքականության համար, և, հնարավոր է, դա դիտարկի որպես ռևանշ այն խաղաղասիրական ջանքերի համար, որոնք գործադրել է Ռուսաստանը, որոնք կոնկրետ արդյունք են տվել և ճանապարհ են գծել բազմամյա փակուղուց դուրս գալու համար։ Ի վերջո, գտնվել էր ճանապարհ, հանգուցալուծում, պարզապես. անհրաժեշտ էր իրականացնել այն, ինչի շուրջ պայմանավորվել էին", - նշել է նա:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Ֆրանսիայի հռետորաբանությունն ուղղված է հակամարտության ներուժը նորից բորբոքելուն։ Ընդ որում, Զախարովան կործանարար է համարել Փարիզի քաղաքականությունը: "Ցավոք, ուզում եմ սխալված լինել, բայց հեռանկարներն ուրախալի չեն, եթե Փարիզն, այնուամենայնիվ, դառնա հենց այն ուժը, որը Երեւանին կշրջի իրական կարգավորումից՝ հօգուտ հերթական արկածախնդրության", - ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ֆրանսիան պայմանագիր են ստորագրել Ֆրանսիական Caesar ԻՀԿ-ների (155 մմ ինքնագնաց հրետանային կայանք, որը մշակվել և արտադրվում է ֆրանսիական Nexter ընկերության կողմից) գնման շուրջ: Իսկ մեկ օր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության շուրջ համաձայնագիր:
Դրանից հետո ֆրանսիական Le Figaro պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը Twitter-ի (X) իր միկրոբլոգում հաղորդել է, որ Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR նորագույն ինքնագնաց հրետանային կայանք: Նրա ասելով՝ կայանքները Հայաստան կմատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում։